2019-ին տնտեսական աճը կկազմի առնվազն 7,5%. նախարար

2019-ը ձեռքբերումների տարի էր թե՛ արձանագրված տնտեսական ցուցանիշների, թե՛ միջավայրի փոփոխության տեսանկյունից. հունվարի 14-ին հրավիրած ասուլիսին հայտարարել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Ըստ նրա՝ 2019-ին տնտեսական աճը կկազմի առնվազն 7,5%:

Հայաստանի կառավարությունը 2020-ի պետական բյուջեով 2019-ի համար ակնկալում է 6,3 տոկոս աճ։

«Հայաստանում միջավայրային փոփոխությունների մասին գնահատականներ են տվել հեղինակավոր միջազգային կազմակերպությունները՝ Fitch, Moody’s: Այդ գնահատականները նշանակում են, որ ներդրողի տեսակյունից Հայաստանն ավելի բարենպաստ դիրքում է, ու միջազգային ներդրողի տեսանկյունից ավելի գրավիչ և ավելի հուսալի պայմաններ է խոստանում, քան մինչ այդ: Նմանատիպ գնահատական կա նաև ՄԱԿ-ի UNCTAD-ի զեկույցում, որտեղ նշվել է, որ ՀՀ ներդրումային միջավայրը բարենպաստ է, օրենսդրությունը համահունչ է միջազգային լավագույն չափանիշներին»,- ասել է նախարարը:

Արտահաման խթանման համար, նախարարը խոսքով, ապահովագրվում են արտահանողները․ «Այսպես նրանք ապահովագրվում են իրենց արտահանման ապրանքների դիմաց չվճարման ռիսկից»։ Ըստ նրա՝ 2019-ին գրանցվել է 50 տոկոս արտահանման ապահովագրման ծավալի աճ: «Տրամադրած վկայագրերի գումարը կազմել է 11,5 մլրդ ՀՀ դրամ, որը ⅓-ով ավելի է նախորդ տարվանից»,- ասել է նա՝ հավելելով, որ ապահովագման գործընթաց է իրականացվում նաև գյուղատնտեսությունում:

«Մեկնարկել է գյուղատնտեսության ապահովագրության ծրագիրը: Ծրագրի ներդրման արդյունքում վեց մարզերում՝ Արագածոտնում, Արմավիրում, Արարատում, Վայոց Ձորում, Կոտայքում և Տավուշում, հնարավորություն է ստեղծվել վաղ ցրտահարության, կարկուտի և հրդեհի ռիսկերից ապահովագրել խաղողի և ծիրանի այգիները: Կառավարությունն աջակցելով ֆերմերներին՝ մեկ ռիսկից ապահովագրման դեպքում իրականցնում է ապահովագրավճարի 50 տոկոսը, իսկ երկու ռիսկի ապահովագրման դեպքում՝ 60 տոկոսը»,- ասել է նա:

Ներդրվել է նաև ջերմոցային տնտեսություններին աջակցության նոր ծրագիր, համաձայն որի՝ 300-3000 քմ ջերմոցներ կառուցելու համար կառավարությունը նախատեսել է երկու եղանակով աջակցություն՝ վարկերի սուբսիդավորում, իրենց սեփական միջոցներով ջերմոցներ կառուցող տնտեսվարողներին որոշակի դրամական փոխհատուցումների տրամադրում:

Անցյալ տրավա ինը ամսվա արդյունքներով, նախարարի խոսքով, արձանագրվել է զբոսաշրջության 14,4 տոկոս աճ: Այն գրանցվել է մեծապես այնպիսի երկրներից ՀՀ այցելողների հաշվին, ինչպիսիք են՝ Գերմանիան, որտեղից այցելուների թիվն աճել է 45 տոկոսվ, Ֆրանսիան՝ 41 տոկոս, Նիդեռլանդները՝ 23 տոկոս և այլն:

«ՀՀ ճանաչելիությունը բարձրացնելու նպատակով Հայաստան են հրավիրվել 50 լրատվամիջոցների ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներից, ինչի արդյունքում ապահովվել է ՀՀ-ի մասին մեկ միլիոնիաց ավելի դիտում և 50-ից ավելի հոդվածների հրապարակում: Հայկական կազմակերպություննեը մասնակցել են նաև միջազգային չորս հեղնիակավոր ցուցահանդեսների, վեց մարզերում իրականացվել են ենթակառուցվածքների բարելավման ծրագրեր: Զբոսաշրջության կոմիտեն աջակցել է մարզային փառատոների իրականացմանը, որոնցից յուրանքնչյուրին զբոսաշրջիների մասնակցությունը եղել է 1500-3500 այցելություն»։

Ըստ նախարարի՝ 2019-ին 15 տոկոս աճ կլինի զբոսաշրջության ոլորտում:

Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ ակնկալվում է, որ 2019-ին արտահանման աճը կլինի 5-10 տոկոսի սահմաններում, իսկ 2020-ի համար կանխատեսվել է 10 տոկոս աճ։ 2019-ի համախառն արտահանման վրա մեծ ազդեցություն են ունեցել հետևյալ ապրանքների արտահանման աճը.

Կոնյակի – 26.7 տոկոս,

Ծխախոտ՝ 9 տոկոս,

Պղնձի խտանյութ՝ 16,8 տոկոս,

Անմշակ ոսկի՝ 31 տոկոս,

Երկաթ՝ 18,1 տոկոս,

Շոկոլադ՝ 14,6 տոկոս,

Մրգային գինիներ՝ 75 տոկոս,

Խաղողի գինիներ՝ 26 տոկոս,

Ոսկեգործ իրերի արտահանում՝ 19 տոկոս։

Արշալույս Մղդեսյան

Մեկնաբանել