Ինչ է սպասվում Ռուսաստանին միջնաժամկետ հեռանկարում

Ռուսաստանում մեկնարկել է 2024-ից հետո գործարկվելիք քաղաքական համակարգի ձևավորման գործընթացը։

2020-ի հունվարի 15-ը Ռուսաստանի պատմության մեջ կմնա որպես ներքաղաքական կյանքի վերջին տասնամյակի առավել հիշարժան օրերից մեկը։ Դաշնային ժողովին հղած իր ամենամյա ուղերձում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկեց Սահմանադրությունում մի շարք էական փոփոխություններ կատարել։ Դրան գրեթե անմիջապես հետևած կառավարության հրաժարականը, թերևս, միտված էր փարատելու այն թերահավատների կասկածները, որոնք փորձում էին տեղի ունեցածը ներկայացնել որպես ներքաղաքական սովորական գործընթաց։ Օրվա վերջում բոլորի համար ակնհայտ էր, որ նախագահը սկսել է 2024-ից հետո գործարկվելիք համակարգի ձևավորման գործընթացը։

Միևնույն ժամանակ, գրեթե բոլորի համար վաղուց ակնհայտ է, որ Պուտինը, անկախ հետագայում իր զբաղեցնելիք պաշտոններից, դեռ երկար ժամանակ շարունակելու է վճռորոշ ազդեցություն ունենալ Ռուսաստանի ներքին և արտաքին քաղաքականության վրա։ Ընդ որում, դա անհրաժեշտ է ոչ միայն անձամբ Պուտինին՝ իր և իր շրջապատի անձեռնմխելիությունը երաշխավորելու համար, այլև ռուսական պետությանը։

Պուտինի կտրուկ հեռացումը իշխանությունից կարող է ներքաղաքական անկայունության և տարբեր խմբավորումների միջև հանուն իշխանության մղվող երկարատև պայքարի պատճառ դառնալ։ Առաջին հերթին Հյուսիսային Կովկասում իսլամական արմատականության և միջէթնիկական հակամարտությունների բազմաթիվ «քնած օջախների» առկայության պայմաններում ներքաղաքական անկայունությունն ու կենտրոնական իշխանության թուլացումը կարող են վտանգի տալ դնել պետության տարածքային ամբողջականությունը։

Այնուամենայնիվ, ինչ է սպասվում Ռուսաստանին միջնաժամկետ հեռանկարում։

Երկրի գործող սահմանադրությունը թույլ չի տալիս Պուտինին 2024-ին մասնակցել նախագահական հերթական ընտրություններին։ Այս համատեքստում վերջին երկու տարիներին բավական ակտիվ քննարկվում էին Սահմանադրության այնպիսի փոփոխության հնարավորությունները, որոնք թույլ կտային Պուտինին հաղթահարել այդ խոչընդոտը և նախագահի պաշտոնում մնալ անվազն մինչև 2030-ը։

Հետխորհրդային մի շարք պետություններ արդեն անցել են նմանատիպ ճանապարհով՝ վերացնելով նախագահի պաշտոնում նույն անձի կողմից երկու անգամից ավելի անընդմեջ ընտրվելու սահմանադրական արգելքը։

2024 և անդին

2018-ին նման ճանապարհ ընտրեց նաև Չինաստանի նախագահ Սի Ձին Փինը։ Ռուսաստան-Չինաստան աճող համագործակցության և երկու պետությւունների ղեկավարների միջև գործընկերային հարաբերությունների ձևավորման հաշվառմամբ՝ մի շարք փորձագետներ չէին բացառում, որ 2024-ից հետո իշխանության բուրգի ամենավերևում սեփական դիրքերի պահպանման նպատակով Ռուսաստանի նախագահը կարող է օգտվել Չինաստանի գործընկերոջ փորձից։

Միևնույն ժամանակ, վերլուծաբաններից ոմանք նշում էին, որ Պուտինը շատ ավելի մեծ հնարավորություն ուներ նմանատիպ փոփոխություն իրականացնելու 2008-ի նախագահական ընտրություններից առաջ, երբ նրա ժողովրդականությունն ավելի բարձր էր, իսկ Ռուսաստանի տնտեսությունը դեռ օգտվում էր 2000-ականների սկզբի նավթային բումի արդյունքներից։

Հունվարի 15-ին Ռուսաստանի նախագահի առաջարկած սահմանադրական փոփոխություններն այս հարցում հստակություն մտցրին։ Ակնհայտ է, որ Պուտինը չի պատրաստվում 2024-ին մասնակցել նախագահական ընտրություններին։ Միևնույն ժամանակ, ավելի պակաս հստակություն կա նրա հետագա քայլերի վերաբերյալ։

Վարչապետի նշանակման և կառավարության ձևավորման հարցում Պետական Դումայի լիազորությունների զգալի ընդլայնումը կարող է վկայել 2024-ից հետո վարչապետի պաշտոնը զբաղեցնելու Պուտինի մտադրության մասին։ Միևնույն ժամանակ, Պուտինը հստակ նշեց, որ Ռուսաստանը չի կարող կայուն զարգանալ խորհրդարանական հանրապետության պայմաններում, և անկախ սահմանադրական փոփոխություններից, պետք է շարունակի մնալ ուժեղ նախագահական պետություն։

Թեև նախագահը իրավունք չի ունենա մերժել Պետական Դումայի կողմից ընտրված վարչապետի և նախարարների թեկնածուներին, սակայն նրան իրավունք է վերապահվելու պաշտոնանկ անել վերջիններիս։ Միևնույն ժամանակ, նախագահը շարունակելու է փաստացի միանձնյա վերահսկողություն իրականացնել ուժային բլոկի նկատմամբ։

Ամենայն հավանականությամբ, նշված փոփոխությունները միտված են ոչ թե 2024-ից հետո Պուտինի վարչապետության համար հնարավորինս հարմարավետ պայմաններ ապահովելուն, այլև տարբեր խմբավորումների միջև հակակշիռներ ձևավորելուն, ինչը ավելի կմեծացնի համակարգի նկատմամբ Ռուսաստանի գործող նախագահի ազդեցության լծակները 2024-ին պաշտոնը թողնելուց հետո։

Պետական խորհրդի դերի բարձրացման և դրա՝ որպես պետության և քաղաքացիների համար կարևոր հարցերը քննարկող մարմնի կարգավիճակն ու դերը սահմանադրության մեջ ֆիքսելու առաջարկությունը կարող է վկայել 2024-ից հետո Պետական խորհուրդը ղեկավարելու Պուտինի մտադրության մասին։

Այնուամենայնիվ, հստակ է մեկ բան։ Անկախ այն հանգամանքից, թե 2024-ին նախագահի պաշտոնը թողնելուց հետո ինչ դիրք կզբաղեցնի Վլադիմիր Պուտինը, նա դեռ բավականին երկար, հնարավոր է՝ ցմահ, կշարունակի էական ազդեցություն ունենալ պետական կառավարման համակարգի նկատմամբ։

Այս համատեքտսում, թերևս, առավել հավանական տարբերակը Դեն Սյաո Պինի փորձի կրկնօրինակումն է։ Վերջինս փաստացի շարունակում էր զգալի ազդեցություն ունենալ Չինաստանում նաև 1989-ի աշնանը կոմունիստական կուսակցությունում, իսկ 1990-ի գարնանը կառավարությունում զբաղեցրած բոլոր պաշտոնները թողնելուց հետո։ Կյանքի վերջին տարիներին Դեն Սյաո Պինի զբաղեցրած պաշտոնը Չինաստանի բրիջի ասոցիացիայի պատվավոր նախագահն էր, սակայն դա չէր խանգարում նրան պահպանել իր ազդեցությունը ընդհուպ մինչև մահը 1997-ի փետրվարին։

Բենիամին Պողոսյան

Մեկնաբանել