Վրաստանում հարցվածների 59 տոկոսի համոզմամբ՝ երկիրը ժողովրդավարական չէ

Հունվարի 16-ին Ազգային ժողովրդավարական ինստիտուտը (NDI) հրապարակել է Վրաստանում իրականացրած սոցիալական հետազոտության արդյունքները, որոնք վերաբերում են արտաքին ու ներքին քաղաքականությանը, պետական ինստիտուտների աշխատանքին և այլն։

Ըստ այդմ՝ Վրաստանի՝ որպես երկրի ընդհանուր ուղղությունն արժանացել է վեջին տասնամյակում ամենացածր գնահատականին։ Հարցվածների 53 տոկոսը կարծում է, որ Վրաստանը «սխալ ուղղությամբ» է շարժվում․ 2019-ի հուլիսին այդ թիվը 49 տոկոս էր։ «Ճիշտ ուղղության» կողմնակիցների թիվը 19 տոկոս է՝ ավելացում մեկ տոկոսով նախորդ հարցման համեմատ։ 24 տոկոսը կարծում է, որ «երկիրը բացարձակապես չի փոխվում»։

Վրաստանի քաղաքացիների 59 տոկոսի համոզմամբ՝ Վրաստանը ներկայում ժողովրդավարական երկիր չէ․ սա վատագույն ցուցանիշն է 2010-ից ի վեր։ Հարցվածների 33 տոկոսն ասել է, որ Վրաստանն այդուհանդերձ ժողովրդավարական երկիր է։

Քաղաքական ուժերին սատարելու վերաբերյալ հարցերը բացահայտել են հետևյալ պատկերը․ Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» դաշինքը վայելում է 19 տոկոսի աջակցությունը, նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Ազգային միացյալ շարժումը»՝ 13 տոկոսի աջակցությունը, «Եվրոպական Վրաստան – Ազատ դեմոկրատները»՝ 7 տոկոսի, Աշխատավորական կուսակցությունը՝ 6 տոկոսի, Հայրենասերների դաշինքը՝ 5 տոկոսի։

Հարցված քաղաքացիների 20 տոկոսն ասել է՝ «ոչ մի կուսակցություն» իրենց հոգեհարազատ չէ։

Ինչ վերաբերում է ինստիտուտների ու քաղաքական գործիչների հանդեպ վերաբերմունքին՝ 64 տոկոսը կառավարության աշխատանքը գնահատել է «վատ»․ 15 տոկոսով ցուցիչի վատթարացում 2018-ի մարտի համեմատ։ Գործադիրի գործունեությունը «լավ» է գնահատել հարցվածների 30 տոկոսը։

Ամենաբարձրը գնահատվել է վրացական բանակի և Վրաց ուղղափառ եկեղեցու գործունեությունը․ առաջինի դեպքում՝ 52 տոկոս (53 տոկոս 2019-ի հուլիսին) և երկրորդի դեպքում՝ 50 տոկոս (64 տոկոս 2019-ի հուլիսին)։

Հարցման արդյունքներով ամենավատ աշխատող կառույցներն են դատարանները (45 տոկոս) և խորհրդարանը (57 տոկոս)։ Վերոհիշյալների աշխատանքը դրական է գնահատել հարցածների 10 և 9 տոկոսը համապատասխանաբար։

Հարցումն իրականացվել է 2019-ի նոյեմբերի 19-ից մինչև դեկտեմբերի 13-ը։ Հետազոտությանը մասնակցել է 2 180 մարդ։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել