«Գազպրոմ Արմենիան», հնարավոր է, գազի թանկացման հայտ ներկայացնի․ ՀԾԿՀ նախագահ 

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, հնարավոր է, հայտ ներկայացնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողի համար գազի սակագինը թանկացնելու համար: Այս մասին Lragir.am-ին ասել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

Նա նշել է, որ գազի գնի չբարձրացման մասին հայտարարությունը վերաբերում է միայն սահմանին վաճառվող գազին, բայց դա չի նշանակում, որ «Գազպրոմ Արմենիա»-ն չի կարող հայտ ներկայացնել հանձնաժողով:

Հարցին, թե միայն թանկացնելու համար պետք է լինի հայտը, հանձնաժողովի նախագահը պատասխանել է. «Դե սահմանին 15 դոլարով գինը բարձրացել է, իսկ հաշվարկային առումով 30 դոլարով է բարձրացել, որովհետև այսօրվա գործող սակագներով շուրջ 15 դոլար Գազպրոմն իր վրա է վերցրել: Այսինքն՝ գործող գները պայմանականորեն 135 դոլար սահմանային գնի վրա են հիմնված: Այսինքն՝ այսօր խոսքն այն մասին է, որ շուրջ 30 դոլար արդեն հաշվարկային առումով սահմանի գինը բարձրացել է»:

2019-ի վերջին հայտարարվեց, որ «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ռուսական գազի մատակարարման լրացուցիչ համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ 2020-ին Հայաստանին վաճառվող գազի գինը չի փոփոխվի և կմնա 2019-ի մակարդակին:

Հայաստանին վաճառվող ռուսական գազի գինը սահմանին թանկացել էր 2019-ի սկզբին՝ 1000 խմ դիմաց 165 դոլար: Նախքան այդ, գինը 150 դոլար էր:

Հարցին, թե արդյոք կառավարությունն այլևս չի՞ բանակցում «Գազպրոմ Արմենիա»-ի հետ, որպեսզի ներքին սպառողի համար սակագնի թանկացում չլինի, Բաղրամյանը պատասխանել է․ «Իհարկե, բանակցում ենք: 2019-ին արդեն հասանք նրան, որ որևիցե բարձրացում չեղավ, բայց հիմա չեմ բացառում, որ կլինի»:

Արդյոք հնարավոր չէ՞ շարունակել ներքին ռեսուրսների հաշվին ֆինանսավորել թանկացումը․ այս հարցին ՀԾԿՀ նախագահը պատասխանել է. «2013-2018 թվականների պայմանագրով, երբ հանձնաժողովը որևէ գործունեություն չէր իրականացնում, այլ համաձայնագրերով էր պարտադրվում սակագինը, կային կուտակված գումարներ և խնայողություններ, որի արդյունքում և բանակցությունների շնորհիվ դա հնարավոր եղավ: Հիմա քննարկումները շարունակվում են, բայց ամեն դեպքում դա հավերժ չի կարող լինել»:

Գարեգին Բաղրամյանը հավելել է, որ դեռևս հայտ չկա, բայց չի բացառվում, որ կլինի: Իսկ թե քանի՞ տոկոսով կարող է թանկանալ գազը սպառողի համար, նա զերծ է մնացել կանխատեսումներից:

Ներկայում «Գազպրոմ Արմենիան» Հայաստանում սպառողներին գազը մատակարարում է 1 խմ-ն 139 դրամով, իսկ սոցիալապես անապահովներին 80 դրամով՝ մինչև 600 խմ ծավալը։ Փաստացի «Գազպրոմ Արմենիան» բնակիչ-սպառողների մեծ մասին 1000 խմ գազը վաճառում է մոտ 285 դոլարով։

Արշալույս Մղդեսյան

Մեկնաբանել