Մահաբեր ընտրություն. ինչ սպառնալի հետևանքներ ունի պատվաստանյութերի դեմ շարժումը

Տաթևիկ Ղահրամանյան

Անցյալ ամիս Երևանում կայացավ ամերիկացի գիտնական, մանկաբույժ, վարակաբան Փոլ Օֆիթի «Մահաբեր ընտրություն. ինչ սպառնալի հետևանքներ ունի պատվաստանյութերի դեմ շարժումը» բժշկագիտական բեսթսելլերի շնորհանդեսը: Գրքի վրա Newmag հրատարակչատունն աշխատել է ավելի քան մեկուկես տարի և հայերենով ընթերցողներին ներկայացրել պատվաստումների կարևորությունը:

Փոլ Օֆիթի «Մահաբեր ընտրություն. ինչ սպառնալի հետևանքներ ունի պատվաստանյութերի դեմ շարժումը» բեսթսելլերը պատմում է Միացյալ Նահանգներում և Մեծ Բրիտանայում պատվաստանյութերի ստեղծման, դրանց դեմ պայքարի և այդ պայքարը առաջնորդողների մասին: Պատմություններ, որոնք տեղի են ունեցել 150 տարի առաջ և տեղի են ունենում այսօր, պատմություններ, որոնք եղել են բժիշկների և ծնողների միջև` պատվաստանյութերի վտանգավոր լինելու վերաբերյալ, որոնք սարսափեցնում են ծնողներին:

80-ականներին ամերիկյան հասարակության մեջ սկսվում է կարմրուկի համաճարակ և պատվաստումների դեմ շարժում: Ամերիկացի մանկաբույժ Փոլ Օֆիթի գիրքը այդ պայքարի իրական պատմությունն է: Այն ամերիկյան պատմություն է, բայց շատ ուսանելի կարող է լինել նաև հայ հասարակության համար` ուրիշների սխալների վրա սովորելու և նրանց սխալները չկրկնելու համար:

2018-ին 120 000 մարդ է մահացել կարմրուկից, որի դեմ պատվաստանյութ գոյություն ունի։ Այդ մարդիկ չպետք է մահանային, եթե ծնողները երեխայի համար ճիշտ ընտրություն կատարեին: Պատվաստանյութը միլիոնավոր կյանքեր կարող է փրկել:

Ծնողները վախենում են երեխաներին պատվաստելուց. կապույտ հազը, կարմրուկը, խոզուկը և այլ հիվանդություններ հաղթահարելի են դառնում պատվաստումներով:

Փոլ Օֆիթի «Մահաբեր ընտրություն. ինչ սպառնալի հետևանքներ ունի պատվաստանյութերի դեմ շարժումը» գիրքը տալիս է, թե ինչն է իրականում ճիշտ և որ պնդումն է սխալ հարցերի պատասխանները:

Գրքում անդրադարձ կա աուտիզմին` որպես պատվաստումներից առաջացման պատճառի: Դրա վերաբերյալ 2002-ի հուլիսին պատվաստանյութերի գործերով դատարանը արդեն ստացել էր ավելի քան 300 հայց, որոնց թիվը հետագայում հասավ 5 000-ի: Աուտիզմի առաջացման պատճառներին առնչվող գործերի դատավարության ժամանակ դատարանը քննում էր երկու վարկած` ԿԿԽ պատվաստանյութի ու դրա մեջ մտնող թիոմերսալի համակցությունը և միայն թիոմերսալի համակցությունը: 2009-ի փետրվարի 12-ին «հատուկ դատավորները» հրապարակեցին իրենց դատավճիռները և հերքեցին պնդումը, որ ԿԿԽ պատվաստանյութը թիոմերսալ պարունակող պատվաստանյութերի հետ աուտիզմ է առաջացնում, քանի որ այս տեսությունը հիմնավորող մեկ փաստ անգամ չէր գտնվել:

Ըստ «Հատուկ մանկավարժության բառարան» (Երևան 2001) ուսումնատեղեկատվական հրատարակության (հեղինակներ` Ռ. Ն. Ազարյան, Վ. Գ. Խալաթյան), աուտիզմը հոգեկան մի վիճակ է, որը բնորոշվում է ինքնամփոփությամբ, շփման ցանկության բացակայությամբ:

Հեռանալով արտաքին աշխարհից` այդ հիվանդությամբ տառապողները կենտրոնանում են իրենց ապրումների վրա: Աուտիզմի առաջացման պատճառները լինում են տարբեր: Թեթև աստիճանի աուտիզմը կարող է հանդիպել հոգեկան առանձնահատկությունների, խրոնիկ հոգեկան ցնցումների դեպքում: Այդ հիվանդությունը կարող է արտահայտվել որպես հոգեկան զարգացման ծանր խախտում, որի դեպքում անհրաժեշտ է բուժում և շտկողական աշխատանք, արտաքին աշխարհի հետ կապերի վերականգնում: Աուտիզմ հասկացությունը գիտության մեջ է մտցրել Է. Բլեյլերը 1921թ.:

2004-2005 թթ. Հայաստանում գլուխ բարձրացրեց կարմրուկի վիրուսը, և պատվաստումների դեպքերը կտրուկ ավելացան: Հիվանդությունը տարածվեց այն մեծահասակներiց, որոնք ժամանակին չէին պատվաստվել:

Փոլ Օֆիթը Հայաստանին հաջողություն մաղթեց պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների գործում:

Մեկնաբանել