Դաշնակիցները դե ֆակտո ճանաչում են Հայաստանի անկախությունը. 19 հունվար, 1920 թվական

100 տարի առաջ այս օրը՝ 1920 թվականի հունվարի 19-ին, եվրոպական դաշնակից պետությունները, այլ կերպ՝ Փարիզի Բարձրագույն խորհուրդը, դե ֆակտո ճանաչեցին Հայաստանի Հանրապետության անկախությունը:

Դրանից մեկ շաբաթ առաջ՝ հունվարի 12-ին, դաշնակիցները ճանաչել էին Վրաստանի և Ադրբեջանի անկախությունը:

Մեկշաբաթյա հետաձգումը և առանձին ճանաչումը պայմանավորված էր նրանով, որ Հայաստանը վիճելի խնդիրներ ուներ Օսմանյան կայսրության հետ, այն է՝ Արևմտյան Հայաստանի կամ այն օրվա բառապաշարով՝ Թուրքահայաստանի տարածքների պատկանելիության հարցը:

ՀՅԴ «Յառաջ» օրաթերթը հունվարի 15-ի համարում գրեց. «Ամենաստույգ աղբյուրից մեզ հաղորդում են, որ Բարձրագույն խորհրդի կողմից Վրաստանի և Ադրբեջանի անկախության հետ միաժամանակ Հայաստանի անկախությունը չճանաչելու պատճառն այն է, որ Հայկական հարցը Խորհրդի կողմից նկատվում է միջազգային հարց, որը շուտով լուծվելու է դրականապես և վերջնականապես՝ թուրքական հարցի հետ միասին»:

Հայաստանի և նրա հարևան Ադրբեջանի ու Վրաստանի անկախությունը առաջինը ճանաչել էր Օսմանյան կայսրությունը Բաթումում՝ 1918-ի հունիսի առաջին օրերին՝ առանձին-առանձին հաշտության և բարեկամության պայմանագրեր կնքելով անդրկովկասյան երեք հանրապետությունների հետ: Այդ ճանաչումներով Օսմանյան կայսրությունը չէր կանխորոշել երեք հանրապետությունների սահմանների պատկանելիությունը՝ այն թողնելով առանձին խորհրդաժողովի, որը պետք է տեղի ունենար Պոլսում:

1918-ի հունիսից մինչև 1920-ի հունվար, երբ եվրոպացի դաշնակիցները դե ֆակտո, բայց ոչ դե յուրե ճանաչեցին Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի անկախությունը, մի շարք պետություններ ճանաչել էին և Թիֆլիսում, Բաքվում ու Երևանում ունեին իրենց դիվանագիտական ներկայացուցչությունները:

Երեք հանրապետությունները ևս միմյանց մայրաքաղաքներում ունեին իրենց դեսպանատներն ու դեսպաններին:

1920թ․ հունվարի 23-ին Անդրկովկասում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Ուորդրոպի տեղապահ Գրանդին վարչապետ Ալեքսանդր Խատիսյանին փոխանցում է հետևյալը.

«Պատիվ ունեմ հաղորդելու Ձեզ Լորդ Քըրզոնից այսօր առավոտյան ժամը 10 և կեսին ստացված հետևյալ տեղեկությունը: Բարձրագույն խորհուրդը Փարիզում որոշեց, որ Հայաստանի կառավարությունը պիտի ճանաչվի իբրև կառավարություն դե ֆակտո այն պայմանով, որ այս ճանաչումը ոչ մի դեպքում չի կանխորոշում սահմանների խնդրի վերջնական լուծումը: Այս ճանաչումը անպայման վերաբերում է Հայաստանի նրա այժմյան վիճակին, Երևան մայրաքաղաքով, սակայն ոչ մի կերպ չի վերաբերում Թուրքահայաստանին: Խնդրում եմ, Ձերդ գերազանցություն, ընդունել իմ անկեղծ շնորհավորանքները այս դեպքի առթիվ, որ այնքան նշանակալից է երկար ժամանակ տառապած հայ ժողովրդի ապագա բարօրության վրա ազդելու տեսակետից»:

Հաջորդ օրը՝ հունվարի 24-ին, ՀՅԴ «Յառաջ» օրաթերթը խմբագրականում գրում է. «Պատմական այս խոշոր երևույթը մի հաղթանակ է այն արյունոտ պատմության, այն խիզախ կռվի, որ տարել է իր ուսերի վրա հայ ազատատենչ աշխատավորությունը: Քայլ առ քայլ հիմնավորվում է Հայաստանի Հանրապետության անկախությունը, քայլ առ քայլ իրականանում են նրա դարերի ձգտումներն ու տենչանքները: Այսօր մեր հանրապետությունը ճանաչվեց փաստորեն անկախ՝ ներկա սահմաններում, պետք է խորապես համոզված լինել, որ վաղվա օրը կճանաչվի և՛ փաստորեն, և՛ իրավապես Միացյալ և Անկախ Հայաստանը… Մեր անկախությունը մի շնորհ չէ, որ տրվում է մեզ մեծ պետությունների կողմից, այլ արդյունք է այն անողոք պայքարի, որ մենք վարել ենք մեր դարավոր թշնամիների դեմ… Մեր հերոս բանակի, քրտնաջան բանվորության և աշխատավոր գյուղացիության գալիք մեծ տոնը, նրա կատարյալ հաղթանակի տոնը կլինի այն օրը, երբ մենք կստանանք Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստանը մեր ցանկացած սահմաններում: Մենք դեռ սպասում ենք մեր տենչած այդ Միացյալ և Անկախ Հայաստանի փաստորեն և իրավապես ճանաչման մեծ տոնին»:

Նույն օրը վարչապետ Խատիսյանը հեռագիր է հղում Փարիզ՝ Գերագույն խորհրդի նախագահին. «Հայաստանի ժողովուրդը և կառավարությունը խորապես ուրախ Հայաստանի պետության՝ Գերագույն Խորհրդի կողմից ճանաչման առթիվ, խնդրում են Ձեզ ընդունել իրենց ամենախորին երախտագիտության հավաստիքը: Հայ ժողովուրդը հաստատ համոզված է, որ Ձեր Բարձր Խորհուրդը, ներշնչված հայկական դատի արդարությամբ և ընդունելով նրա պահանջների իրավասությունը, որոնք հիմնված են հերոսական պայքարների և ամենածանր զոհողությունների վրա, շուտով կճանաչի Ամբողջական Հայաստանի անկախությունը, որին միացած է ամբողջ ժողովրդի միահամուռ ցանկությունը»:

Հայ ժողովրդական կուսակցության «Ժողովուրդ» օրաթերթը փետրվարի 15-ի համարում անդրադառնում է Հայաստանի ճանաչման առիթով Պոլսում կազմակերպված տոնակատարություններին. «Հայաստանի անկախության ճանաչման լուրը մեծ խանդավառություն է առաջ բերել թուրքական մայրաքաղաքի հայկական բոլոր շրջանակներում: Սկզբի 2-3 օրերը Պոլսի հայերի համար տոնական կերպարանք էին առել: Այս նշանավոր պատմական դեպքի առթիվ Պոլսի հայկական դրամատիկական ընկերությունը շքեղ երեկույթ էր կազմակերպել, որին ներկա են եղել պատրիարք Զավեն սրբազանը Մեսրոպ եպիսկոպոս Նարոյանի հետ և [Պոլսում] Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչ [Ֆերդինան] Թահթաճյանը»:

«Պոլսի մամուլի թե՛ հայ և թե՛ օտար ազգի մամուլի օրգանները խմբագրականներ են նվիրել Հայաստանի անկախության ճանաչման առթիվ, բոլորն էլ իրենց ուրախությունն են հայտնել այս առթիվ: Նույնիսկ ուրախություն են հայտնել թուրքական լրագրերը, իհարկե միայն այս մտքով, որ հայերը կբավականանան միմիայն Կովկասյան Հայաստանով և Սև ծովի ափին մի նաահանգիստ պահանջելով»,- գրում է «Ժողովուրդ»:

Հունվարի 12-ին, երբ եվրոպացի դաշնակիցները ճանաչեցին Ադրբեջանի և Վրաստանի անկախությունը, Հայաստանի կառավարությունը Բաքու և Թիֆլիս առանձին հեռագրերով շնորհավորեց նրանց դե ֆակտո անկախությունը: ՀՀ կառավարության հունվարի 13-ի նիստի արձանագրության մեջ ասվում էր. «Ջերմ բարեմաղթությունների շնորհավորական հեռագիր ուղարկել երկու հանրապետություններին»:

Հայաստանի խորհրդարանի նախագահ Ավետիք Սահակյանը առանձին հեռագրերով շնորհավորեց. «Խորին հաճույքով և անկեղծ ուրախության զգացումով իմացա Ադրբեջանի անկախության ճանաչումը Բարձրագույն խորհրդի կողմից: Հայաստանի խորհրդարանի անունից շնորհավորում եմ Ադրբեջանի խորհրդարանին, որը կովկասյան ժողովուրդների համար ստեղծելու է նոր և բախտավոր դարաշրջան, հղում ենք Ձեզ մեր լավագույն ցանկությունները»:

Հայաստանի արտգործնախարարությունը նույնպես շնորհավորական ուղերձներ հղեց Թիֆլիս և Բաքու:

Հունվարի 15-ին հատուկ խմբագրականով Ադրբեջանի և Վրաստանի անկախությունը շնորհավորեց «Յառաջ» օրաթերթը:

Ադրբեջանի վարչապետ Ուսուբբեկովը պատասխան շնորհակալական նամակ հղեց իր հայ գործընկեր Խատիսյանին, իսկ երբ դաշնակիցները 1920-ի հունվարի 19-ին դե ֆակտո ճանաչեցին Հայաստանի անկախությունը, և՛ Բաքվից, և՛ Թիֆլիսից ստացվեցին շնորհավորական ուղերձներ վարչապետներից, խորհրդարաններից ու արտգործնախարարություններից:

Մեկնաբանել