Տեսանկարել ՀԴՄ չտպողին… թե՞ խթանել էլեկտրոնային առևտուրը

Կառավարության հունվարի 9-ի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց մեխանիզմ ստեղծել, որ քաղաքացիները կարողանան տեսանկարահանել ՀԴՄ չտրամադրողներին, ինչի հիման վրա հարկային մարմինները, ինչպես ճանապարհային ոստիկանության դեպքում է, կարողանան վարույթ սկսել։ Նպատակը հարկահավաքությունը մեծացնելն ու ստվերը կրճատելն է։

Հայաստանը դասվում է այն պետությունների շարքին, որտեղ մանրածախ առևտրում կանխիկ փողի շրջանառությունը մնում է բավականին բարձր, ինչը հարկերից խուսափելու ընդարձակ դաշտ է ստեղծում, ինչպես նաև վկայում ֆինանսական ենթակառուցվածքների թերզարգացածության մասին:

Պատկերն աշխարհում

Զարգացած երկրներն անշեղորեն գնում են տնտեսությունում կանխիկ գումարի շրջանառության կրճատմանը: Այս հարցում, ըստ World Cash Report 2018-ի, առավել մեծ հաջողությունների են հասել Շվեդիան և Հարավային Կորեան:

ՀՆԱ-ի ընդհանուր ծավալում կանխիկի քանակի դինամիկայով աշխահում առաջատարը Շվեդիան է: Այդ երկրում շրջանառությունում կանխիկ փողի ծավալը 2011-2016 թթ. կրճատվել է շուրջ երկու անգամ՝ հասնելով 1,4 տոկոսի:

Ընդհանուր շրջանառությունում կանխիկի կրճատման հարցում նկատելի հաջողություններ է գրանցել նաև Չինաստանը, որտեղ, համաձայն վերոնշյալ զեկույցի, 2000-ին կանխիկի շրջանառությունը կազմել է 13 տոկոս, իսկ ահա 2017-ին այն նվազել է մինչև 5 տոկոս:

Ընդհանուր առևտրաշրջանառությունում կանխիկի կրճատումը տեղի է ունենում բջջային հեռախոսների վճարային հավելվածների տարածման, էլեկտրոնային առևտրի զարգացման շնորհիվ, որոնց համար անհրաժեշտ ֆինանսական ենթակառուցվածքներ են ներդրվում երկրներում: Չինաստանում կան քաղաքներ, օրինակ՝ Շենժենը, որտեղ մարդիկ արդեն գրեթե «մոռացել» են կանխիկ փողը:

Համաձայն զեկույցի՝ զարգացող երկրներում արագ տեմպերով կանխիկի ծավալի կրճատումը տեղի է ունենում ոչ այնքան բանկային համակարգի զարգացման ու դրա շրջանակներ մարդկանց առավել շատ ներգրավման շնորհիվ, որքան բջջային հեռախոսների համար նախատեսված վճարային հավելվածների տարածման շնորհիվ:

Պատկերը Հայաստանում

Հայաստանում կանխիկ առևտուրը դանդաղ է զարգանում: Անգամ Երևանում առևտրային շատ օբյեկտներում խնդրահարույց է բջջային հեռախոսների հավելվածների միջոցով վճարում կատարելը, մարզերն այս հարցում էապես հետ են մնում:

Թեև Կենտրոնական բանկը կանխիկ եղանակով իրականացվող առևտրի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում և ամփոփում չի իրականացնում, սակայն դրա մասին պատկերացում կարելի է կազմել՝ դիտարկելով մանրածախ առևտրում անկանխիկ կատարվող գործարքների գումարային ծավալը:

Այսպես, 2018-ին, համաձայն Վիճակագրական կոմիտեի տվյալների, https://www.armstat.am/file/article/sv_12_18a_126.pdf մանրածախ առևտրի ծավալը կազմել է 1,4 տրլն դրամ, որից նույն տարում միայն 94 մլրդ դրամը կամ 7 տոկոսն է իրականացվել անկանխիկ եղանակով: Իսկ 2019-ի 11 ամիսներին մանրածախ առևտրի շրջանառությունը կազմել է 1,35 տրլն դրամ, որից միայն 118 մլրդ դրամը կամ շուրջ 9 տոկոսն է իրականացվել անկանխիկ եղանակով: Ընդհանուր առմամբ մանրածախ առևտրում անկանխիկ եղանակով գործարքների ծավալն աճել է շուրջ 2 տոկոսային կետով:

World Cash Report 2018 զեկույցում ընդգրկված զարգացած ու զարգացող պետությունների հետ անկանխիկ եղանակով գործարքների ծավալը չենք կարող ուղիղ համեմատել Հայաստանի հետ, քանի որ Հայաստանի մասով տիրապետում ենք միայն մանրածախ առևտրի ոլորտի տվյալներին: Մեծածախի պատկերը հայտնի չէ: Այնումամենայնիվ անգամ կոպիտ համեմատությունից կարելի է հասկանալ, որ Հայաստանը հետ է աշխարի զարգացող և զարգացած շատ պետություններից ՀՆԱ-ի ծավալում անկանխիկ եղանակով կատարվող գործարքների ցուցանիշներով:

Իրավիճակը տարբեր պատճառների համակցության արդյունք է: Ֆինանսիստ Հովհաննես Ավետիսյանը մատնանշում է մարդկանց ստվերային եկամուտները, անվստահությունը բանկային համակարգի նկատմամբ, բանկային ծառայությունների թանկ լինելը և ֆինանսական ենթակառուցվածքների թերզարգացածությունը:

«Պատճառներից մեկը ստվերային եկամուտներն են, որ մարդիկ չեն ստանում բանկային փոխանցումների եղանակով, ուստի և գերադասում են կանխիկ ծախսել այն: Մյուս պատճառն անվստահությունն է բանկային համակարգի նկատմամբ, հատկապես մեծահասակների շրջանում: Նրանց հիշողությունը թարմ է, թե ինչպես ԽՍՀՄ շրջանում բանկերում կուտակած իրենց ավանդները զրոյացվեցին: Դրա համար հաճախ ենք տեսնում իրավաիճակ, երբ մարդիկ աշխատվարձը կամ թոշակը ստանում են բանկային փոխանցումով ու միանգամից կանխիկացնում այն»,- ՍիվիլՆեթի հետ զրույցում նշում է Հովհաննես Ավետիսյանը:

Մյուս կողմից, նրա խոսքով, անկանխիկ վճարումների համար խթաններ ու համապատասխան ֆինանսական ենթակառուցվածքներ չի ստեղծում անգամ բիզնեսը: «Օրինակ, բջջային հեռախոսակապի ընկերությունները անգամ իրենց գրասենյակներում չեն տեղադրում քարտային վճարման հնարավորություն ունեցող տերմինալներ: Կան խոշոր տնտեսվարող ընկերություններ, որոնց խանութներում միայն վերջերս են տեղադրվել քարտային վճարումների համակարգեր: Այսինքն՝ կանխիկ գումար չունեցող մարդը ստիպված պետք է բանկային քարտից կանխիկացնի ու նոր օգտվի այդ ծառայություններից»,- նշում է Ավետիսյանը:

Կենտրոնական բանկի տվյալները

ՍիվիլՆեթին Կենտրոնական բանկի տրամադրած տվլայների համաձայն՝ 2019-ի 11 ամիսների ընթացքում վճարային քարտերի միջոցով Հայաստանում կատարվել է 118 մլրդ դրամի մանրածախ առևտուր, իսկ էլեկտրոնային փողերի միջոցով՝ շուրջ 2,5 մլրդ դրամի:

Վերջին հինգ տարիների ընթացքում մանրածախ առևտրի ոլորտում անկանխիկ եղանակով իրականացվող գործառնությունների ծավալը զգալիորեն աճել է: Մասնավորապես՝ 2017-ին նախորդ տարվա համեմատ մանրածախ առևտրի ոլորտում վճարային քարտերով կատարված գործառնությունների մասով գրանցվել է 41տոկոս աճ, 2018-ին՝ 58 տոկոս աճ, իսկ 2019-ի առաջին 11 ամիսներին կատարված գործառնությունների ծավալը 2018-ի նույն ցուցանիշի համեմատ աճել է 25 տոկոսով:

Ըստ ԿԲ-ի՝ վերջին տարիների ընթացքում կտրուկ աճ է գրանցվել վիրտուալ առևտրի (e-commerce) ծավալներում։ 2019-ի նոյեմբերի դրությամբ վիրտուալ առևտրում մատուցված բոլոր ծառայությունները կազմել են 309 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 53տոկոսով (գործարքների քանակը 15 մլն հատ), իսկ մանրածախ առևտրի/սպասարկման ոլորտում վիրտուալ առևտրի տվյալները կազմում են համապատասխանաբար 30 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 10,4 տոկոսով (գործարքների քանակը՝ 4 մլն հատ)։

Ինչպես են պայքարում կանխիկ շրջանառության դեմ

Աշխարհում կանխիկ դրամական շրջանառության կրճատման տարբեր միջոցառումներ են իրականացվում: Դրանցից է որոշակի արժեքով թղթադրամների կրճատումը: Այս քայլին դիմել է, օրինակ, Հնդկաստանը՝ փողային ռեֆորմի ժամանակ շրջանառությունից հանելով փոքր թղթադրամները: Պայքարի մյուս ձևերից է կանխիկ առևտրի սահմանափակումը, որը տարբեր երկրներում տարբեր է: ԵՄ մի քանի պետություններում քաղաքացիների համար այդ սահմանափակումը տատանվում է 1000-3000 եվրոյի միջակայքում:

Հայաստանում իրավաբանական անձանց համար գործում է սահմանաչափ 300 000 դրամ մեկ գործարքի համար։ Գործնականում սա էական ազդեցություն չի ունեցել կանխիկի ընդհանուր ծավալի կրճատման վրա։

Հայաստանում կտրուկ քայլերի դեռ չեն գնում: ԿԲ-ն անկանխիկ գործառնությունների մասնաբաժնի ավելացման նպատակով մշակել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Դրանով սահմանվել է պահանջ, որով առևտրի և ծառայությունների մատուցման կետերում պետք է տեղադրվեն վճարային գործիքներ, այդ թվում՝ վճարային քարտեր ընդունող սարքեր, որոնք հնարավորություն կտան առևտուրը կատարել անկանխիկ եղանակով:

Նախատեսվում է պահանջի փուլային ներդրում՝ սկզբից Երևանում, ապա մարզերի վարչական կենտրոններում և այլ բնակավայրերում։

«Վերոնշյալ պահանջի իրագործումը ապահովելու նպատակով ՀՀ կենտրոնական բանկը ՊԵԿ-ի հետ համատեղ միջոցներ է ձեռնարկել՝ առևտրի և ծառայությունների մատուցման կետերում նոր սերնդի ՀԴՄ-ներում POS տերմինալների գործառույթը ապահովող հավելվածը մշակելու և ներդնելու ուղղությամբ, որոնց միջոցով հնարավոր է իրականացնել վճարումներ, այդ թվում՝ անկանխիկ վճարային գործիքների միջոցով»,- հայտնում են ԿԲ-ից։

Արշալույս Մղդեսյան

Մեկնաբանել