Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունների օր է հայտարարվել 2020 թվականի մարտի 31-ը․ այս մասին տեղեկացրել է Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
«Արցախի Հանրապետության Սահմանադրության 89-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հանրապետության նախագահի հերթական ընտրությունն անցկացվում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից 50 օր առաջ:
Արցախի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի համաձայն`Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է Հանրապետության նախագահի ընտրությունների հետ միաժամանակ:
Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 97-րդ հոդվածի 2-րդ մասով և 121-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի ընտրությունների օրվա մասին Արցախի հանրային ռադիոյով և հանրային հեռուստատեսությամբ հաղորդագրությամբ հանդես է գալիս Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը` քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 70 օր առաջ:
Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության և ընտրական օրենսգրքի վերոհիշյալ դրույթներով, Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունների օր է հայտարարվում 2020 թվականի մարտի 31-ը:
Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 97-րդ հոդվածի 3-րդ մասը, համապետական ընտրությունների քվեարկության օրը` 2020 թվականի մարտի 31-ի երեքշաբթին, հայտարարվում է ոչ աշխատանքային օր»,- հայտնել են Արցախի ԿԸՀ մամուլի ծառայությունից:
Աղբյուրը՝ Արցախի ԿԸՀ կայքը