Սերժ Սարգսյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում. պաշտպանական թիմ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմը քրեական գործի նյութերին ծանոթանալուց հետո հանդես է եկել հայտարարությամբ, որում կետ առ կետ անդրադառնում է Սարգսյանին առաջադրված մեղադրանքին:

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«1. ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմը վերահաստատում է նախաքննության սկզբնական փուլում արտահայտած այն պնդումները, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել իր պաշտոնեական դիրքի կապակցությամբ գործողություններ կատարելու համար: Մինչդեռ, ՀՀ Սահմանադրության համաձայն՝ հանրապետության նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար:

2. Պաշտպանական թիմը փաստում է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 202-րդ հոդվածի պահանջների կոպիտ խախտմամբ, քանի որ գործում չկա առերևույթ հանցանքի կատարման մասին վկայող բավարար ապացույցների համակցություն, ավելին՝ գործով հավաքված տվյալները որևէ կերպ չեն փաստում, որ գործը քննվել է ընդհանրապես հանցագործության դեպքի առթիվ: Ավելի պարզ, հավաքված տվյալներն աղաղակում են ընդհանրապես հանցագործության դեպքի բացակայության մասին:

3. Անդրադառնալով Սերժ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի օրինականության և հիմնավորվածության հարցին՝ պաշտպանական կողմն անառարկելիորեն արձանագրում է, որ գործում բացարձակ չկան այնպիսի փաստական տվյալներ, որոնք թեկուզ և տեսականորեն կարող էին վարույթն իրականացնող մարմնին հուշել պարոն Սարգսյանի կողմից առերևույթ ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու հավանականության մասին, ուստի այս պայմաններում, անձի՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված ազատ տեղաշարժի իրավունքն ապօրինի սահմանափակելը, նույնպես օրինական համարվել չի կարող:

4. Ինչ վերաբերում է պարոն Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու գործողության օրինականությանն ու հիմնավորվածությանը, պաշտպանական կողմը կրկին փաստում է, որ այս դեպքում ևս գործում չկա գեթ մեկ ապացույց, որի հիման վրա քննիչը կարող էր օրենքով սահմանված կարգով արգելադրել անձի գույքը, ուստի այս որոշումը նույնպես չի կարող իրավաչափ համարվել:

5. Հայտնում ենք նաև, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից առանց բավարար հիմնավորումների մերժվել են պաշտպանական կողմի՝ բազմակողմանի օբյեկտիվ և լրիվ քննություն կատարելուն, գործի համար կարևոր նշանակություն ունեցող ապացույցներ ձեռք բերելուն և կոնկրետ դատավարական որոշումներ կայացնելուն ուղղված բազմաթիվ և բոլոր միջնորդությունները, ինչը կրկին վերահաստատում է մեր այն համոզմունքը, որ ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեադատավարական փաթեթավորմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում:

6. Հաշվի առնելով գործի հասարակական հնչեղությունը, պաշտպանական կողմը պարբերաբար հանրությանը կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն»:

Ավելի վաղ ՀՔԾ-ն հայտնել էր, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առարադրվել քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ վատնում:

***

Հատուկ քննչական ծառայության համաձայն՝ հարուցված քրեական գործով պարզվել է Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15 391 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 160 310 ՀՀ դրամը:

Հիշյալ հանցավոր արարքները կատարելու համար`

Սերգո Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,

Սերժ Սարգսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,

Բարսեղ Բեգլարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,

Սամվել Գալստյանին և Գևորգ Հարությունյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Քրեական գործից վերը նշված մեղադրյալների վերաբերյալ անջատված գործով նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

#ՍիվիլՆեթ #Լուրեր

Մեկնաբանել