Ունեցել ենք 9 մլրդ 307 մլն դրամի հավելյալ դրամաշրջանառություն. Նիկոլ Փաշինյան

2019-ի դեկտեմբերի 28-ից 2020-ի հունվարի 6-ը ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ունեցել ենք 9 մլրդ 307 մլն դրամի հավելյալ դրամաշրջանառություն. ֆեյսբուքյան ուղիղ եթեում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ դա կապված է նաև այն 271 մլն դրամի հետ, որը կառավարությունը հատկացրել էր քաղաքապետարանին՝ ամանորյա միջոցառումները կազմակերպելու համար։

«Կառավարությունը 271 մլն դրամ հատկացրեց Երևանում ամանորյա տոնակատարությունների համար: Եվ դրա նպատակն էր զբոսաշրջիկների, քաղաքացիների համար Ամանորը Երևանում անցկացնելն ավելի գրավիչ դարձնելը: Ունենք որոշակի տվյալներ և կարող ենք ասել, որ դեկտեմբերի 28-հունվարի 6-ն ընկած ժամանակում նախորդ տարվա համեմատ ունեցել ենք 9 մլրդ 307 մլն դրամի հավելյալ դրամաշրջանառություն: Կարող ենք ենթադրել, որ նաև 271 մլն դրամ գումար ծախսելով է, որ կարողացել ենք ապահովել այդ 9 մլրդ ավելի դրամաշրջանառությունը: Դրանից մոտ 4 մլրդը տեղի է ունեցել ՀՀ մարզերում: Այս իրավիճակի վերլուծությունն ասում է, որ 271 մլն դրամ ծախսել ենք Երևանում Ամանորը գրավիչ դարձնելու համար, դա ակնհայտորեն մեր շատ քաղաքացիների և զբոսաշրջիկների մղել է ամանորյա օրերին գալ Երևան: Երևան գալով, մեկ-երկու միջոցառումների այցելելով նրանց մի մասն այցելել է նաև մարզեր, գուցե իրենց հարազատներին, գուցե տեսարժան վայրեր դիտելու համար»,- ասաց վարչապետը։ 

Վարչապետը նաև հայտնեց՝ ամենամեղմ հաշվարկներով այդ 9 մլրդ 308 մլն դրամ հավելյալ առևտրաշրջանառության արդյունքում գեներացվելու է մոտավորապես 325 մլն դրամի հարկ: 

Գորան Բրեգովիչը Երևանում է․ լուսանկարներ

Մեկնաբանելով այն հարցադրումներն ու մտահոգությունները, թե արդյոք ճի՞շտ էր այդ 271 մլն դրամ ծախսելը, միջոցառում կազմակերպելը, Փաշինյանը նկատեց՝ այդ տվյալները տեսնելով՝ ավելի մասշտաբային պետական ծախսեր պետք է անեն Ամանորի հետ կապված, որպեսզի ավելի շատ հարկեր գեներացնեն, ՀՀ քաղաքացիների համար ավելի շատ հնարավորություն ստեղծեն, որ աշխատեն ու իրենց աշխատանքով վաստակեն:

Լուսինե Վարդանյան