Գյուղ, որտեղ հայերն ու ադրբեջանցիները ունեն այլ խնդիրներ, քան հակամարտությունը

Անի Փայտյան

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

«Նման գյուղ իսկապե՞ս գոյություն ունի»,- հարցնում է ընկերս:

Նստած ենք Երևանի սրճարաններից մեկում։ Ասացի, որ նախատեսում եմ հանգստյան օրերին այցելել վրացական մի գյուղ, որտեղ տասնամյակներ շարունակ հայերն ու ադրբեջանցիները միասին են ապրում:

Ծոփին Հայաստանի սահմանից ընդամենը մի քանի կմ է հեռու (մեքենայով 25 րոպե)

Երեք տասնամյակ շարունակ լրատվամիջոցներից տեղեկանում ենք հրադադարի ռեժիմի խախտման, զինծառայողների մահվան և հայ-ադրբեջանական սահմանի և շփման գծի հատվածներում ռազմատենչ հայտարարությունների մասին: Այս իրավիճակից ելնելով՝ գրեթե անհավատալի է, որ այդ երկու ժողովուրդները կարող են նույն տեղում ապրել և իրար այցելել որպես լավ հարևաններ: Ուրեմն, ի՞նչ են անում այդ «հավերժ հակառակորդները»՝ խաղաղ համակեցության համար։

Մեծանալով միասին

Ծոփին Հայաստանի սահմանից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա է (մեքենայով 25 րոպե), սակայն դժվար է գյուղ հասնել, եթե մեքենա չունեք։ 

Գյուղին ամենամոտ քաղաքը Մառնեուլին է, որտեղ բնակչության 83 տոկոսը ադրբեջանցիներ են: Ավտոբուսի տերմինալը Սադախլոն է՝ վրացական գյուղը Հայաստանի սահմանին:

Ճանապարհը դեպի գյուղ քարուքանդ է

Ոչ մի ավտոբուս չի գնում Ծոփի, և մենք բանակցում և 5 դոլար ենք վճարում ավտոբուսի վարորդին, որպեսզի նա մեզ այնտեղ հասցնի:

Արդեն ուշ աշուն է, և Ծոփին կարծես պատրաստվում է սպասվող ծանր ձմռանը: Առաջին հայացքից ինձ թվում է, որ ճանապարհը դեպի գյուղ ամբողջովին քարուքանդ է, հետո հասկանում եմ, որ ճանապարհ ընդհանրապես չկա…

Բարձրահասակ, նիհար մի ծերուկ մեզ հետաքրքրությամբ նայում է: Նրա անունն է Օսման, ծնվել և մեծացել է Ծոփիում: Ինձ ուղեկցում է ադրբեջանցի մի ընկեր։ Ծերուկը զարմացած է։ «Ինչպե՞ս հասաք գյուղ՝ առանց միմյանց գլուխները ուտելու»,- կատակում է։ Օսմանն ունի երեք երեխա, բոլորն էլ վարժ խոսում են ադրբեջաներեն և հայերեն:

«Թոռներս նույնպես տիրապետում են հայերենին»,- ասում է նա հպարտությամբ:

Հայ և ադրբեջանցի երեխաները միասին են մեծանում և միասին հաճախում գյուղի միակ դպրոցը: Այնուամենայնիվ, նրանք գտնվում են առանձին դասարաններում, և յուրաքանչյուրը սովորում է իր լեզվով: Նրանք հանդիպում և միասին խաղում են խաղահրապարակում՝ դասամիջոցին:

Լեզուն տեղում աշխատանք գտնելու խոչընդոտ է, իսկ Ծոփիի բնակիչների մեծ մասը վրացերեն չի խոսում: Խորհրդային տարիներին տարածաշրջանում ընդհանուր լեզուն ռուսերենն էր, բայց 1991-ին Վրաստանի անկախացումից ի վեր պաշտոնական լեզու է վրացերենը։ Բնակիչներից շատերն ի վերջո գտնում են, որ նորմալ ապրելու միակ ճանապարհը Հայաստանի, Ադրբեջանի կամ Ռուսաստանի քաղաքներ մեկնելն է:

Բոլորովին վերջերս է, որ աշակերտների ներկայիս սերունդը վրացական ծագում ունեցող ուսուցիչ ունի: Դրանից առաջ ոչ ոքի չէին ուղարկում հեռավոր գյուղեր՝ պետական լեզուն դասավանդելու համար:

Համակեցություն տասնամյակներ 

Հեռվից մեզ է մոտենում մի գյուղացի: Անունն Արթուր է։ Ջերմորեն ողջունում է և հայերենից սահուն անցնում ադրբեջաներենի։ Հարցնում է Օսմանի երեխաների որպիսությունը։ «Ամեն ինչ լավ է, ապրես Արթուր ջան», – պատասխանում է Օսմանը:

Վրաստանում 2014-ի նոյեմբերի մարդահամարի տվյալներով՝ ազգային  փոքրամասնությունները կազմում են բնակչության 13,2 տոկոսը: Ադրբեջանցիները և հայերը երկու ամենամեծ ազգային փոքրամասնություններն են. ադրբեջանցիները ընդհանուր բնակչության 6,3, իսկ հայերը՝ 4,5 տոկոսն են:

Արթուրը պատմում է, որ իրենց գյուղը ընդարձակվել է խորհրդային տարիներին ՝ 1950-ականներին, չնայած նախկինում էլ գոյություն ուներ: «Այն ժամանակ շենքեր էին կառուցում բնակիչների և աշխատողների համար: Այստեղ ունեինք տարբեր գործարաններ: Շրջակա գյուղերի աշխատողները գալիս էին Ծոփի՝ աշխատելու մեր գործարաններում: Բազմամշակութային գյուղ էր, որտեղ միասին ապրում էին հույները, ռուսները, վրացիները, հայերն ու ադրբեջանցիները»,- հիշում է Արթուրը:

Արթուրն ու Օսմանը

Այժմ գյուղում բնակվում են միայն հայեր ու ադրբեջանցիներ․․․ և մեկ ծեր հույն կին: Ծոփին ունի մոտավորապես 450 բնակիչ, 75 տոկոսը՝ ադրբեջանցիներ:

Էդգարի իննամյա տղան վարժ խոսում է ադրբեջաներեն

Էդգարը՝ Ծոփիի մեկ այլ բնակիչ, որը Մառնեուլիում էլեկտրիկ է աշխատում, որոշում է մեզ հետ քայլել: «Մենք հավերժ միասին ենք ապրել: Մեր դպրոցականներն ու ընկերները ադրբեջանցիներ էին, մենք նրանց հրավիրում ենք սուրճ խմելու կամ մեզ հետ հաց ուտելու, նրանք էլ անում են նույնը, ինչպես լավ հարևանները»,- բացատրում է նա:

Բլրակը բարձրանալուց հետո հասնում ենք գագաթին, որտեղ գտնում ենք քարերի մի կույտ: Վրացական հին, 5-րդ դարի ավերված եկեղեցի է։ Գյուղացիները չունեն ո՛չ եկեղեցի, ո՛չ մզկիթ: «Ոչինչ, մեր հավատը մեր սրտում է»,- ասում է Էդգարը:

Բլրի գագաթին քարերի մի կույտ ենք գտնում։ 5-րդ դարի վրացական հին, ավերված եկեղեցի է

Գյուղացիները չունեն ոչ եկեղեցի, ոչ էլ մզկիթ

Հակամարտության ստվերը

Չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը շարունակվում է, երկու ժողովուրդները խաղաղ գոյակցում են վրացական այս խուլ բնակավայրում:

Այնուամենայնիվ, մենք տալիս ենք մեզ հետաքրքրող հարցը. նրանց մեջ երբեք չի՞ եղել կամ չկա՞ որևէ կոնֆլիկտ։ Օսմանն ու Արթուրը կտրականապես հերքում են. «Ո՜չ, երբե՛ք»: Արթուրը հավելում է, որ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև, կապ չունի իրենց հետ:

«Մենք միասին ենք ապրում մի ամբողջ հավերժություն»,- ասում է Էդգարը

Բայց երբեմն հակամարտության ուրվականը  թափառում է գյուղում, ինչպես օրինակ 2016-ի գարնանը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ապրիլյան պատերազմի ժամանակ։ 

«Մենք այդ մասին իրար հետ պարզապես չէինք խոսում՝ ո՛չ հրապարակայնորեն, ո՛չ էլ ադրբեջանցիների հետ: Իհարկե, մեր տանը, ընտանիքի անդամների հետ քննարկում էինք, թե ինչ է կատարվում, և գիտեինք, որ նրանք էլ նույնն են անում։ Բայց մենք ապրում ենք նույն գյուղում, ուստի ամեն ինչ անում ենք, որ խուսափենք բախումից»,- բացատրում է Արթուրը:

Հանդիպում ենք Մուստաֆայի և նրա կնոջ՝ Փերիի հետ: Նրանց հյուրասենյակում հեռուստացույցը միացված է, և լսվում ադրբեջանական աշխույժ մի երգ՝ թառի, ուդի ու քամանչայի նվագակցությամբ:

Նրանց բակը զարդարում են հասած արքայանարնջի ծառերը: Փերին արքայանարինջները կախում է պատշգամբում, չիր է սարքում։ Աշունը լավագույն եղանակն է չորացնելու, իսկ ձմեռը՝ ուտելու համար:

Պատանեկության տարիներին Մուստաֆան առևտրական էր, այստեղ և այնտեղ ապրանք էր գնում և վաճառում: Հիմա նա թոշակառու է: Ցավում է հայերի ու ադրբեջանցիների միջև հակամարտության վերաբերյալ. «Ես գնում էի Հայաստան ՝ այնտեղից ապրանք գնելու և այստեղ վաճառելու, քանի որ այնտեղ ավելի էժան էր»: Ծերուկը բացահայտում է անցյալը. «Մի անգամ հայկական հարսանիքի թամադա եմ եղել»:

«Ես մի անգամ հայկական հարսանիքի թամադա եմ եղել»,- ասում է Մուստաֆան

Մուստաֆան կարծում է, որ լարվածությունից հեռու մնալու պատճառն այն է, որ իրենք իրենց համապատասխան երկրներում չեն. «Մենք Վրաստանում ենք, ոչ թե Հայաստանում և Ադրբեջանում, այնպես որ՝ իրար հետ լավ ենք։ Երբ սկսվեց ապրիլյան պատերազմը, փոքրիկ կռիվ տեղի ունեցավ մեկ այլ գյուղում, և կռվողներն անմիջապես բանտարկվեցին: Մենք դա այստեղ չենք ուզում»,- ասում է Մուստաֆան:

Ջերմ հարաբերությունները սահմաններ ունեն

Այնուհետև Էդգարը մեզ իր տուն է հրավիրում՝ սուրճի: Նրա կինը՝ Սյուզաննան, մրգեր է մաքրում, իսկ քույրը՝ նորից Սյուզաննա անունով, պատրաստում է ավանդական սև սուրճը:

Էդգարի կինը Վրաստանի մեկ այլ գյուղից է, իսկ քույրը մեծացել է Հայաստանի գյուղերից մեկում, որտեղ «ադրբեջանցին» պարզապես թշնամուն բնութագրող մռայլ մի բառ է։

Հասած արքայանարինջներով ծառերը զարդարում են նրանց բակը

Էդգարի քրոջ՝ Սյուզաննայի համար առաջին անգամ ադրբեջանցիների տեսնելը շոկային էր․ «Ես եկել եմ Հայաստանից, իմ ամբողջ կյանքում երբեք ադրբեջանցի չեմ տեսել: Մենք նրանց կապում ենք պատերազմի, 18 տարեկան տղաների մահերի, այրիների և որբերի հետ»:

Էդգարի կինը գլխով հավանություն է տալիս։ «Բայց այստեղ կա փոխադարձ հարգանք և օգնություն: Երբ օգնության կարիք ունենք, մեր ադրբեջանցի հարևանները գալիս են և մեզ ձեռք մեկնում», – ավելացնում է նա:

Այդ ջերմ հարաբերությունները, սակայն, սահմաններ ունեն: Նույնիսկ եթե գյուղի հայերն ու ադրբեջանցիները մեծանում և իրենց կյանքի մեծ մասն անցկացնում են միասին, խառնամուսնությունը չի ընդունվում:

«Նման բան չի կարող պատահել: Սա դժբախտություն կլիներ երկու կողմերի համար: Մենք հայ ենք, պետք է պահենք մեր ինքնությունը, մեր մշակույթը և կրոնը: Ադրբեջանցիները նույնպես այդպես են մտածում», – ասում է Արթուրը:

«Ամուսնությունը և ընտանեկան կապերը շատ ավելի անձնական են, քան սովորական ընկերությունը։ Ամուսնության արդյունքում երեխաներ են ծնվում, իսկ երեխաները յուրաքանչյուր ազգի ապագան են: 

Ազգային պատկանելության հիման վրա ազգային ինքնության ավանդական հայեցակարգի փոփոխությունները ընկալվում են որպես սպառնալիք ազգի՝ ներկայիս ձևով գոյատևման համար», – ասված է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (CRRC) զեկույցում:

Մալայկա տատիկի ճշմարտությունը

Վերադառնում ենք սեղանին, որտեղ սուրճն է ու կիսով չափ կերած թխվածքները։ 

Նոր հյուր է մտնում հյուրասենյակ: 72-ամյա տիկին Մալայկան է՝ կարմիր այտերով, գլխին՝ սև թաշկինակ։ Մեզ դիմավորում է ժպիտով և նստում Էթերիի կողքին՝ մի ծեր հայ կին՝ Էդգարի հարևանը:

Մալայկան ադրբեջանցի է և միայնակ ապրում է Էդգարի տան կողքի տանը: Նրա ամուսինը տարիներ առաջ է մահացել, իսկ դուստրն ամուսնացել ու հեռացել է օջախից: Սյուզաննայի երկու երեխաներն էլ շատ են սիրում նրան և անվանում են «Մալայկա տատիկ»։ Նա գրեթե ամեն օր գալիս է Էդգարի տուն, հոգ տանում երեխաների մասին, համեղ ուտելիք պատրաստում և օգնում տնային գործերում:

«Նա կարծես ընտանիքի անդամ լինի»,- ասում է Էդգարի կինը՝ Սյուզաննան:

Մալայկա տատիկը զարմացած է՝ մեզ տեսնելով Էդգարի տանը։ Հարցնում է, թե ինչու ենք այդքան հետաքրքրված այս թեմայով: «Եվ ի՞նչ։ Իսկ Թբիլիսի՞ն: Մի՞թե տարբեր ազգություններ այնտեղ էլ միասին չեն ապրում: Ի՞նչն է այստեղ զարմանալի, որ դուք այսքան ճանապարհ եք կտրել-անցել՝ մեզ հանդիպելու համար»:

Ձախ կողմում Էթերին է՝ հայուհի հարևանը, իսկ աջ կողմում՝ Մալայկան, ադրբեջանուհին

Հարցերին հետևում է լռությունը: Նրա կողքին Էթերին գլխով է անում:

Ի վերջո, նա ճիշտ է։ Հայերն ու ադրբեջանցիները դարեր ապրել են կողք կողքի, և դա բնական էր:

Մալայկային իրենց գյուղի ազգամիջյան գոյակցությունը չի հետաքրքրում: Նա հանկարծ փոխում է թեման և հոռետեսորեն ասում Էդգարին. «Նախագահները փոխվում են, բայց երկրում ոչինչ չի փոխվում: Մենք դեռ գազ չունենք…»։

Սյուզաննայի երեխաները հանգիստ նստած են տան միակ ջերմության աղբյուրի՝ հյուրասենյակի փայտի վառարանի կողքին: Վրաստանում կյանքը ղարաբաղյան հակամարտության փոխարեն այլ գերակայություններ է պարտադրում:

Ես եկել էի Ծոփի՝ իմ հարցին հստակ պատասխան գտնելու համար, բայց գյուղացիների հետ խոսելիս հասկանում եմ, որ ազգամիջյան հակամարտությունը նրանց խնդիրների անգամ առաջին տասնյակում չէ:

Աղքատությունը, գործազրկությունը, կրթությունը, ջուրը, գազն ու էլեկտրականությունն են այդ տասնյակում։ Եվ դա վերաբերում է բոլորին՝ հայերին և ադրբեջանցիներին՝ անկախ ազգային պատկանելությունից… 

Read the story in English