Վարդինե Օհանյանը՝ Լիբանանի առաջին հայ կին նախարար

Վարդինե Օհանյանը Լիբանանի առաջին հայ կին նախարարն է․ նրան վստահվել է երկրի Երիտասարդության և սպորտի հարցերով գերատեսչությունը։

Հունվարի 21-ին Լիբանանի վարչապետի պաշտոնն ստանձնած՝ ինժեներ, գիտնական և կրթության նախկին նախարար Հասան Դիաբը ձևավորել է երկրի նոր՝ 20 նախարարից բաղկացած կառավարությունը, որի կազմում կա 6 կին նախարար, այդ թվում՝ պաշտպանության, արդարատության և աշխատանքի հարցերով։ Կառավարության ձևավորմանը նախորդել են 33 օր տևած բանակցություններն ու վարչապետ Հասան Դիաբի, նախագահ Միշել Աունի և խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերիի հանդիպումը։

Նոր կառավարությունը լիազորությունները ստանձնում է երկրի համար ծանր ժամանակահատվածում՝ արժույթի անկում, լճացած տնտեսություն և հուժկու բողոքի ցույցեր։ Լրագրողների հետ զրույցում Դիաբն ասել է, որ իր կաբինետը համապատասխանում է Լիբանանի «բացառիկ իրավիճակին» և փորձելու է վերադարձնել գողացված փողերն ու պայքարել գործազրկության դեմ։

«Յուրաքանչյուր նախարար տեխնոկրատ է»,- ասել է Դիաբը՝ ի պատասխան ցուցարարների այն պահանջի, որ կառավարությունում ընդգկված լինեն փորձագետներ, ոչ թե քաղաքական գործիչներ։

Վարդինե Օհանյանի մասին

Վարդինե Օհանյանին առաջադրել է Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը։ Նա «Զվարթնոց» հատուկ կրթական կենտրոնի տնօրենն էր։

Ծնվել է 1984թ․ հունվարի 1-ին։ Հաճախել է Ազգային Եղիշե Մանուկյան քոլեջ, երկրորդական կրթությունն ստացել է Ազգային Լ. և Ս. Յակոբյան քոլեջում։ Ավարտել է Լիբանանի համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետը: Ունի մագիստրոսի աստիճան: Անդամակցել է ՀՄԸՄ-ին, ամուսնացած է, ունի երկու զավակ։

Լիբանանյան ճգնաժամի մասին

Լիբանանի վերջին կառավարությունը հրաժարական էր տվել հոկտեմբերի 29-ին՝ փողոցի ճնշման տակ։

Հոկտեմբերի 17-ից Լիբանանը ցնցած բողոքի շարժումն անցյալ շաբաթ վերսկսվել է երկրում տնտեսական սուր ճգնաժամի լուծման համար նոր կառավարության ձևավորման ձգձգումների պատճառով: Ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի կողմից արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ կիրառելու հետևանքով վիրավորվել է ավելի քան 160 մարդ։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել