Եթե մարժան ուռճացված լինի, «Գազպրոմ Արմենիա»-ի հայտը չի հաստատվի. փոխվարչապետ

Ռուսական կողմի հետ կա պայմանավորվածություն, որ սահմանին գազի գինը չի փոխվելու այս տարի․ Ազգային ժողովում հունվարի 22-ին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Այս պահին այն կազմում է 165 դոլար 1000 խմ դիմաց:

Փոխվարչապետը գազի սակագների բարձրացման հարցը մեկնաբանեց՝ պատասխանելով ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:

Ինչ վերաբերում է Հայաստանում վերջնական սպառողների համար գազի սակագներին՝ փոխվարչապետի խոսքով, այս ուղղությամբ քննարկումներ են ընթանում․ «Գազի անխափան ու անվտանգ մատակարարման համար անհրաժեշտ են ներդրումներ: Նման քննարկումներ ընթանում են: Քննարկումները և հաշվարկները իրականացվում են 10 տարվա կտրվածքով: Սա առանձին խնդիր չէ»,-  ասաց նա՝ նշելով, որ այս հարցում կան տարաձայնություններ:

Հայկական կողմը, նրա խոսքով, չի նշում, որ համաձայն է գազի գնի բարձրացման սցենարին․ «Մենք չենք նշել, որ համաձայն ենք, և սակագնի բարձրացման հայտ անպայման կներկայացվի: Մենք չենք բացառել, որ ապրիլի 1-ից հետո կարող է հայտ ներկայացվել: Ինչո՞ւ ապրիլի 1-ից․ քանի որ մինչ այդ նման անհրաժեշտություն չենք տեսնում: Մեր բոլոր հարցերի պատասխանները մենք կստանանք այն ժամանակ, երբ նման հայտ ներկայացվի: Մենք այդ ժամանակ մեր առարկությունների մասին կասենք: Այս պահին խնդիրը պետք է քննարկվի աշխատանքային կարգով»:

Փոխվարչապետին գազի սակագների հնարավոր բարձրացման մասին հարց ուղղած Արման Բաբաջանյանն արձագանքեց՝ նշելով, որ ապրիլի 1-ից գազի գնի բարձրացման վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա»-ի ներկայացվելիք հայտի մասին հայտարարել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

Գրիգորյանը նկատեց, որ իր և Բաղրամյանի հայտարարությունների միջև հակասություն չկա։

«Գարեգին Բաղրամյանը չի բացառել, որ նման հայտ կներկայացվի, ես էլ չեմ բացառում և չեմ էլ պնդում»,- ասաց նա՝ հավելելով, որ եթե ապացուցվի, որ վերջնական սպառողներին մատակարարվող գազի սակագնի և սահմանի գնի միջև առկա մարժան ուռճացված է կամ հիմնավորված չէ, հայտը չի հաստատվի:

«Ի՞նչ հիմնավորում կարող է տալ հանձնաժողովը: Չկա այդպիսի խնդիր ընդհանրապես: Նման մտահոգություն չունենք, բայց պետք  է հաշվի առնենք, որ ունենք ժառանգված համաձայնագիր, որը նախ և առաջ վերաբերում է եկամտաբերության հանգամանքներին և ունենք (Հրազդան ՋԷԿ) հինգերորդ էներգաբլոկ: Եթե հայտ ներկայացվի ու հիմնավորումները բխեն այս հանգամանքներից, ապա որոշումները կլինեն արդար և պարզ: Ես այստեղ որևէ խնդիր չեմ տեսնում», – հավելեց նա:

Օրեր առաջ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտարարեց, որ «Գազպրոմ Արմենիա»-ն այլևս չի կարող խնայողությունների ու ներքին ռեսուրսների հաշվին փոխհատուցել Հայաստանի սահմանին գազի գնի 15 դոլարով թանկացումը, որը տեղի ունեցավ 2019-ի սկզբին։

2019-ի սկզբից սահմանին Հայաստանի համար մատակարարվող ռուսական գազի գինը բարձրացավ 15 դոլարով՝ դառնալով 165 դոլար 1000 խմ համար: Դա, այդուհանդերձ, չանդրադարձավ ներքին սպառողների վրա, քանի որ որոշվեց, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պետք է իր մարժայի հաշվին փոխհատուցի թանկացումը:

Ներկայում «Գազպրոմ Արմենիա»-ն սպառողներին գազը մատակարարում է 1 խմ 139 դրամով, իսկ սոցիալապես անապահովներին՝ 80 դրամով մինչև 600 խմ ծավալը։ Փաստացի «Գազպրոմ Արմենիա»-ն բնակիչ-սպառողների մեծ մասին 1000 խմ գազը վաճառում է մոտ 285 դոլարով։ Ընկերությունը, հնարավոր է, ապրիլի 1-ից դիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին գազի սակագինը բարձրացնելու հայտով։ 2019-ի տարեվերջին հայտարարվեց, որ «Գազպրոմը» 2020-ին չի թանկացնի Հայաստանին մատակարարվող գազը։

Օրերս «Գազի գնագոյացումը և սակագինը. ինչպե՞ս կավարտվեն ՌԴ-ի հետ բանակցությունները» թեմայով հանրային քննարկում էր տեղի ունեցել։

Արշալույս Մղդեսյան