Կրակոցներ՝ «Էրեբունի պլազա» հյուրանոցում (լրացվող)

Մայրաքաղաքի կենտրոնում տեղեկայված «Էրեբունի Պլազա» հյուրանոցում կրակոցներ են հնչել. տեղեկությունը News.am կայքի հետ զրույցում հաստատել են ոստիկանությունից։

Նշվում է, որ կրակոցները հնչել են առաջին հարկի նախասրահում, կրակ բացած տղամարդը ինչ-որ բաներ է վանկարկել: Պարզ չէ՝ կան արդյոք կրակոցներից տուժածներ: Ըստ լրատվամիջոցներում տարածվող լուրերի՝ կան պատանդներ։ 

«Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության աշխատակիցները. ահազանգը ստացվել է ժամը 14:38-ին», – հայտնում են ոստիկանությունից։

Շենքի ելումուտն արգելափակված է:

16։10

Ոստիկանության խոսնակ Աշոտ Ահարոնյանը հաստատել է, որ կրակոցներ արձակած անձը զենքը հանձնել է։

16։07

Հաղորդվում է, որ կրակոցներ արձակած անձը վնասազերծվել է։ Նա զենքը հանձնել է։

Ոստիկանները բացել են Էրեբունի Պլազա տանող ճանապարհը։

16։05

«Էրեբունի պլազա» հյուրանոց ներխուժած զինված անձի հետ ընթանում են բանակցություններ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը՝ հավելելով, որ լրացուցիչ տեղեկություններ կհայտնեն ավելի ուշ:

Լրագրողների հետ ճեպազրույցում ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, անդրադառնալով «Էրեբունի Պլազայում» հնչած կրակոցներին, հայտարարել է, որ բոլոր հանգամանքները ստուգվում են: Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: 

16:01

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել Ֆեյսբուքում․ 

«Բռնության որեւէ դրսեւորում, որեւէ պատճառով կամ հիմնավորմամբ՝ անընդունելի է:

Ո՛չ բռնությանը: Հայաստանն առանց բռնության»: