Երևանը նոր ոստիկանապետ ունի

Երևանի նոր ոստիկանապետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը. «Արմենպրես» լրատվական գործակալությանը հայտնել են Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

«Ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամանով ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ»,- փոխանցել են ոստիկանությունից։

Ոստիկանության պետի պաշտոնակատարի մեկ այլ հրամանով Երևանի ոստիկանապետի պաշտոնից ազատվել և կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանը։