Էդմոն Մարուքյանը սպառնում է դատի տալ Լևոն Զուրաբյանին

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը սպառնացել է դատի տալ  Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանին։

Ազատություն ռադիկայանի Կարլեն Ասլանյանի հետ հարցազրույցում դիտարկմանը, որ Լևոն Զուրաբյանը «Լուսավոր Հայաստանի» ստեղծումը կապել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ, Մարուքյանը պատասխանել է, որ եթե Զուրաբյանը չհերքի իր հայտարարությունը, դատարանում գործ կունենա իրենց հետ։

«Բնականաբար դա իր համար անապագա դատավարություն կլինի, և նա կպարտվի։ Եվ ընդհանրապես Լևոն Զուրաբյանը պետք է հիշի, որ Մարտի 1-ի թափված արյունից հետո այդ իրենք էին, որ գնացին և Սերժ Սարգսյանի ձևավորած բանակցությունների խմբի հետ սկսեցին բանակցել մինչև Տիգրան Առաքելյանի կալանավորումը, որից հետո իբր թե այդ պատրվակով դադարեցրին [բանակցությունները]»,- ասել է Մարուքյանը։ 

«Թող հիշի ինքը ինչով է զբաղվել, ինքը ինչ է արել,- բոլորը դեմ էին, ամբողջ ժողովուրդը դեմ էր, որ իրենք գնան այդ բանակցություններին,- և հետո նոր մարդկանց կապեն սրա, նրա հետ»,- ասել է Մարուքյանը՝ հավելելով, որ Զուրաբյանին սպասում է դատական մեծ քաշքշուկ։ 

Գեղեցիկ Ոսկանյան