Հրայր Թովմասյանն ամենօրյա ռեժիմով ինձ առաջարկել է իր ծառայությունները. Փաշինյան

Հայաստանի սահմանադրությամբ նախատեսված Սահմանադրական դատարան մենք այսօր չունենք․ այս մասին Կապանում հունվարի 25-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ՀՀ Սահմանադրությամբ ՍԴ նախագահ պետք է ընտրի ՍԴ-ն իր կազմից:

Նրա խոսքով, այսօր մենք ունենք Ազգային ժողովի ընտրած ՍԴ նախագահ:

«Պարզվեց, որ ըստ պաշտոնապես առաջադրված մեղադրանքի, մենք ունենք ՍԴ նախագահ, որն ընտրվել է պաշտոնական կեղծիքով: Մենք չենք կարող այս իրավիճակին ուղղակի նայել․ մինչև 2035 թվականը սահամանդրական կարգավորումը չի գործելու, ըստ էության չի գործելու, քանի որ տեղի է ունեցել պաշտոնական կեղծիք, որի արդյուքնում մեկ անձը, մեկ խումբը օկուպացրել է Սահմանադրական դատարանը: Եվ այդ խումբը Հայաստանի նախկին կոռումպացված իշխանությունն է», – ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով, Հայաստանի նոր իշխանությունները չեն պատրաստվում դիտորդի կարգավիճակով հետևել այս իրավիճակին: Հարցին՝ ի՞նչ եք անելու, պատասխանեց կարճ. «Ինչ-որ պետք է, այն էլ անելու ենք»:

Վարչապետն անդրադարձավ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ձևակերպմանն այն մասին, թե «ՍԴ անդամները հերոսներ են»:

«Ես ուզում եմ հասկանալ՝ հանուն ինչի՞ կամ ո՞ւմ դեմ պայքարող հերոսներ», – հռետորական հարց հնչեցրեց վարչապետն ու ինքն էլ պատասխանեց. «Սեփական ժողովրդի դեմ պայքարող հերոսնե՞ր են: Պատկերացնում ենք: Էդ ո՞ւմ դեմ են պայքարում: Հանուն ինչի՞, հանուն Հայաստանում իրավական ու ժողովրդավարական պետության: Լո՞ւրջ: Բա 2013 թվականին նախագահական ընտրություննե՞րը, բա Հայաստանի բոլոր ժամանակների կեղծված խորհրդարանական ընտրություննե՞րը: Բա 1996 թվականի կեղծված նախագահական ընտրություննե՞րը, բա 1998 թվականի կեղծված ընտրություննե՞րը, բա 2003 թվականի կեղծված ընտրություննե՞րը, բա 2008 թվականի կեղծված նախագահական ընտրություննե՞րը: Հանուն ընտրակեղծիքների մղվող պայքարի հերոսի կոչո՞ւմ է շնորհում ՍԴ նախագահը»:

Փաշինյանի խոսքով, կառավարությունն ասում է ՍԴ անդամներին՝ մի՛ պայքարեք սեփական ժողովրդի ու երկրի ապագայի դեմ:

«Մենք ասում ենք՝ մի դարձեք հիբրիդային հեղաշրջման երազանքով ապրող արտաքին և ներքին ուժերի ֆորպոստ: Մենք սա ենք ասում: Այս փոլում մենք այդպիսի խնդրանքով ենք հանդես եկել՝ դիմելով ՍԴ հարգելի անդամներին [խոսքը Սահմանադրական դատարանի անդամներին կենսաթոշակի անցնելու օրենքի մասին է – խմբ.]: Քրեական գործ կա հարուցած ՍԴ նախագահի պաշտոնը օկուպացնելու դեպքով», – նշեց նա:

Նա նաև անդրադարձավ Հրայր Թովմասյանի հայտարարությունների, թե իրեն նախազգուշացրել են, որ հեռանա, ահկառակ պարագայում քրեական հետապնդման կենթարկվի:

«2018 թվականի մայիսից սկզբում ամենօրյա ռեժիմով, այնուհետև ամենշաբաթյա, հետո ամենամսյա ռեժիմով Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել ինձ՝ ասելով՝ ես եմ սահմանադրության այս տեքստի հեղինակը, կարող եմ ձեզ պատմել դրա խութերի մասին, որ միասին կարող ենք այս կամ այն բաներն անել: Նա այդ առաջարկությունների ֆոնին ուղարկվել է համապատասխան տեղը, քանի որ ես կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչերի հետ համագործակցելու ցանկություն չունեմ: Իսկ Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա Սահմանադրական դատարան», – եզրափակեց նա:

Արշալույս Մղդեսյան

Մեկնաբանել