Երևան հասնեմ՝ Հրայր Թովմասյանի ակնկալած օբյեկտիվ, արժանահավատ փաստը կհրապարակեմ. Նիկոլ Փաշինյան

«Երևան հասնեմ՝ Հրայր Թովմասյանի ակնկալած օբյեկտիվ, արժանահավատ փաստը կհրապարակեմ (փաստը պարզապես հիմա հետս չէ, այլ Երեւանում)։ Միայն խնդրում եմ՝ ինձ չմեղադրեք անհամաչափ ուժեղ հակահարված տալու մեջ: Ես չէի ուզում՝ դուք ստիպեցիք»,- Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանն այսօր Կապանում լրագրողների հետ ասուլիսին հայտարարել է, թե Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ամենօրյա ռեժիմով իրեն առաջարկել էր իր ծառայությունները։

«2018 թվականի մայիսից սկզբում ամենօրյա ռեժիմով, այնուհետև ամենշաբաթյա, հետո ամենամսյա ռեժիմով Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել ինձ՝ ասելով՝ ես եմ սահմանադրության այս տեքստի հեղինակը, կարող եմ ձեզ պատմել դրա խութերի մասին, որ միասին կարող ենք այս կամ այն բաներն անել: Նա այդ առաջարկությունների ֆոնին ուղարկվել է համապատասխան տեղը, քանի որ ես կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչերի հետ համագործակցելու ցանկություն չունեմ: Իսկ Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա Սահմանադրական դատարան», – ասել էր Փաշինյանը:

Այս հայտարարությանը ժամեր անց հետևեց Հրայր Թովմասյանի արձագանքը, որում ասվում էր, որ եթե Նիկոլ Փաշինյանը չհրապարակի իր խոսքերը հիմնավորող փաստ, ստիպված է զրպարտության վերաբերյալ հայց ներկայացնել նրա դեմ։

#CivilNet #News

Մեկնաբանել