Մասիս Մայիլյան․ ԼՂ կարգավորման առաջարկված սկզբունքները վերանայման կարիք ունեն

Արցախի արտգործնախարար և մարտի 31-ին կայանալիք ընտրություններում նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանն արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին։

Փաշինյանն այսօր Կապանում հրավիրված ասուլիսին ներկայացրել էր Ղարաբաղյան բանակցային գործընթացի իր ժառանգած իրավիճակը և ասել, որ թող Արցախի նախագահի թեկնածուները դրա վերաբերյալ իրենց դիրքորոշումը հայտնեն։

Մասիս Մայիլյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ընդունում եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «չելենջը» և մեկ անգամ ևս իմ հստակ դիրքորոշումն եմ հայտնում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացում միջնորդների առաջարկած հիմնական սկզբունքների վերաբերյալ։ 2009-ի հուլիսին հրապարակված կարգավորման երեք սկզբունքներին ու վեց տարրերին Արցախից առաջինն եմ քննադատաբար արձագանքել՝ նշելով դրանց կիրառումից բխող վտանգներն ու մարտահրավերները, և ցայսօր մնում եմ նույն կարծիքին։ Ներքոբերյալ հղումը թույլ կտա հանգամանորեն ծանոթանալ իմ դիրքորոշմանը։

Թե տարիներ շարունակ փորձագիտական մակարդակով և թե արտգործնախարի պաշտոնում միջնորդների հետ հանդիպումների և հրապարակային ելույթների ու հարցազրույցների ժամանակ բազմիցս նշել եմ, որ առաջարկված սկզբունքները հնացել են և վերանայման կարիք ունեն»։

Նիկոլ Փաշինյանին արձագանքել էր նաև Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ, Արցախի խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը։ Նա ասել է, որ «Արցախի անկախությունը նվազագույն կարգավիճակն է, իսկ միացումը մայր Հայրենիքի հետ՝ մեր վերջնանպատակը»:

#CivilNet #News

Մեկնաբանել