Արցախից Արայիկ Հարությունյանը ևս արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

Արցախի նախագահի թեկնածու, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԼՂ հարցի վերաբերյալ արած հայտարարությանը։

Փաշինյանն այսօր Կապանում հրավիրված ասուլիսին ներկայացրել էր Ղարաբաղյան բանակցային գործընթացի իր ժառանգած իրավիճակը և ասել, որ թող Արցախի նախագահի թեկնածուները դրա վերաբերյալ իրենց դիրքորոշումը հայտնեն։

Արայիկ Հարությունյանը, որը նաև Արցախի խորհրդարանում ամենամեծ ներկայությունն ունեցող «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահն է, ի պատասխան Նիկոլ Փաշինյանի գրառման Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Այսօր իմ ընտանիքին պատկանող մշակվող հողամասերը, որտեղից գոյանում է մեր տարեկան եկամուտի առյուծի բաժինը, գտնվում են Ակնայի (Աղդամ) և Մեխակավանի (Ջեբրայիլ) տարածքներում, որոնք անցած ավելի քան 23 տարվա ընթացքում խամ ու խոպան հողատարածքներից ճակատի քրտինքով ծաղկուն բուրաստանների ենք վերածել: Իսկ մեր հողակտորների հարևանությամբ հազարավոր անմշակ հեկտարներ դեռ սպասում են իրենց տերերին:

Դժվա՞ր էր:

Իհարկե, շատ…

Երջանկություն է հողի հետ աշխատելը, նաև կռիվ տալու պես մի բան, երբ երկար չարչարվելուց հետո վայելում ես բարիքը: Շատ եմ ասել ու հիմա էլ կկրկնեմ, որ այդ տարածքներում իմ տնկած ամեն մի ծառի տված բերքն ավելի մեծ կշիռ ունի, քան ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ հաճախ արվող քաղաքական շատ հայտարարություններ:

Ու, բարեբախտաբար, ինձ նման մարդիկ շատ կան, ովքեր բացի այդ հողի մշակը լինելուց, նաև տերն ու զինվորն են: Հենց արարող ձեռքն է Արցախն ավելի լավը դարձնելու:

Ի գործ…

#Արցախը_լոկ_տարածք_չէ_այլ_ՍՈՒՐԲ_ՀԱՅՐԵՆԻՔ»։

Նիկոլ Փաշինյանին արձագանքել են նաև Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ, Արցախի խորհրդարանի նախագահ և մարտի 31-ի ընտրություններում նախագահի թեկնածու Աշոտ Ղուլյանը, ինչպես նաև Արցախի նախագահի թեկնածու և արտգործնախարար Մասիս Մայիլյանը։

#CivilNet #News

Մեկնաբանել