Արցախի նախագահի թեկնածու, Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի նախագահի թեկնածուներին ուղղված հարցին, թե արդյոք ընդունելի է իրենց համար Սերժ Սարգսյանի ժառանգությունը Ղարաբաղի հարցում, թե ոչ։
Նիկոլ Փաշինյանը հունվարի 25-ին Կապանում հրավիրած ասուլիսին ներկայացրել էր Ղարաբաղյան բանակցային գործընթացում Սերժ Սարգսյանից ժառանգած իրավիճակը և ասել, որ թող Արցախի նախագահի թեկնածուները դրա վերաբերյալ իրենց դիրքորոշումը հայտնեն։
«Ես և Ազգային վերածնունդ կուսակցությունը ղարաբաղյան խնդրի լուծումը տեսնում ենք առնվազն ներկայիս տարածքով և բազմակի բնակչությամբ Արցախի մեջ: Մեզ համար անընդունելի է ցանկացած ժառանգություն, ցանկացած փաստաթուղթ, որտեղ խոսք կա տարածքային զիջումների մասին:
Խաղաղության ապահովումը հնարավոր ենք համարում միայն հզոր բանակով և թշնամուն խաղաղություն պարտադրելով, ինչի համատեքստում ողջունել ենք ՀՀ նոր իշխանությունների կողմից ռազմական ծախսերի ավելացումը, նոր սպառազինությունների գնումը, բանակային նոր ենթակառուցվածքների ստեղծումը և զինծառայողների սոցիալական վիճակի բարելավումը:
ՀՀ զինված ուժերից բացի այլ երկրի զինուժի ներկայությունն Արցախում անթույլատրելի է և այս առումով մերժում ենք խաղաղապահության ցանկացած գաղափար. միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ ժամանակակից աշխարհում խաղաղապահների ներկայությամբ անգամ ցեղասպանություններ են տեղի ունեցել»,- գրել է Հայկ Խանումյանը Ֆեյսբուքում:
Նիկոլ Փաշինյանի կոչին արձագանքել են նաև Արցախի նախագահի թեկնածուներ Արայիկ Հարությունյանը, Մասիս Մայիլյանը և Աշոտ Ղուլյանը։
#CivilNet #News