Արգելվել է կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը Չինաստանից

Չինաստանից կորոնավիրուսի մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով հունվարի 26-ից արգելվել է Չինաստանից, ինչպես նաև չինական ծագման հումքով այլ երկրներում արտադրված կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք:

Ինչպես հաղորդում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, արգելանքի հիմքը Չինաստանում արձանագրված կորոնավիրուսի վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE/ԿԱՀԿ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պաշտոնական կայքերում հրապարակված տեղեկատվությունն է:

Արգելանքը կգործի մինչև ԿԱՀԿ-ի և ԱՀԿ-ի կողմից Չինաստանը Կորոնավիրուսից ազատ ճանաչելու մասին պաշտոնական տեղեկատվության հրապարակումը:

#CivilNet #News