Բակո Սահակյանն այսօր կայցելի Քարվաճառ. Ալեքսանդր Քանանեան

Քարվաճառի բնակիչ Ալեքսանդր Քանանեանն արդեն 9 օր է՝ հացադուլ է անում` Քարվաճառում փոքր հէկերի կառուցման աշխատանքները դադարեցնելու պահանջով: Նախօրեից նրա ինքնազգացողությունը փոքր-ինչ վատացել է։ ՍիվիլՆեթի հետ զրույցում Քանանեանը տեղեկացրեց, որ այսօր Քարվաճառ է այցելելու Արցախի նախագահ Բակո Սահակյանը՝ հանդիպելու իր պայքարին միացած դասադուլավոր աշակերտների հետ, ինչպես նաև սպասվում է հանդիպում դպրոցների տնօրենների հետ։ 

Քանանեանը հայտնեց, որ իր տեղեկություններով՝ փակ նիստ է լինելու, որտեղ գյուղապետերին հրահանգ է տրվելու կասեցնել Քարվաճառին հարակից գյուղերում ստորագրահավաքը՝ իր պահանջին միանալու կոչով, ինչպես նաև բացառվելու է փողոցային բողոքի գործողությունների հնարավորությունը։

Հունվարի 24-ին տեղի էր ունեցել Ալեքսանդր Քանանեանի և Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի հանդիպումը, որի մասին Քանանեանը գրել էր. «Պետնախարարին երախտագիտություւն եմ հայտնում համաձայնությունը կայացնելու առավելագոյն ջանքերի համար։ Միաժամանակ՝ արձանագրում եմ, որ Արցախի «քաղաքական ղեկավարությունը» դեռ լիովին չի ըմբռնում իրավիճակի լրջությունը և Քարվաճառում՝ շրջանի համապարփակ զագացման հեռանկարը փակող և տարածքի բնապահպանական համակարգը հիմնավորապես աղճատող փոքր ՀԷԿ֊աշինության անվերապահ կասեցման անխուսափելիությունը։ Արցախի «քաղաքական ղեկավարությանը» հորդորում եմ օր առաջ գիտակցել Քարվաճառի շրջանում փոքր ՀԷԿ-աշինության շարունակության անհամատեղելիությունը Հայաստանի ազգային անվտանգության հրամայականին և դրսևորել պատշաճ խոհեմություն»։

Ժաննա Ավագյան