Վարչապետի հետ հեռախոսային կամ այլ խոսակցության պատիվ չեմ ունեցել․ Լարիսա Մինասյան

«Ես հեռախոսային կամ առերես կամ գրավոր որևիցե խոսակցություն ունենալու պատիվ չեմ ունեցել պարոն Փաշինյանի հետ»․ այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստան»-ի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը՝ անդրադառնալով «Վետո» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանի երեկվա հայտարարությանը, թե իրենց բերման ենթարկելու նախօրեին Մինասյանը «կոշտ խոսակցություն է ունեցել վարչապետի հետ և պահանջել, որ կանխեն իրենց գործունեությունը Հայաստանում»։

Խոսելով երեկ տեղի ունեցած ձերբակալությունների մասին՝ Մինասյանն ասաց․ «Այն մասով, թե արդյոք դրանք կատարվում էին պատշաճ ձևով, զուտ այն, որ երևում էր էկրանի վրա, իհարկե, շատ մտահոգիչ է, որովհետև թվում է, թե այդտեղ անհամաչափ ուժի կիրառման ինչ-որ դրվագներ կային։ Արդյոք դա ահաբեկո՞ւմ էր՝ դրա մասին ես ընդհանրապես չեմ խոսի»։

Ասուլիսին Լարիսա Մինասյանը շեշտեց՝ «տևական ժամանակ է՝ հիմնադրամի և գործընկերների դեմ իրականացվում է լայնածավալ հակաքարոզչություն և տեղեկատվական աննախադեպ ագրեսիվ արշավ, որն ուղեկցվում է ատելության քարոզով, իսկ հաճախ՝ բռնության կոչերով»։

Ասուլիսի արդյունքներով տարածած մամուլի հաղորդագրությունում «Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստան»-ը, ներկայացնելով իր գործունեությունը Հայաստանում, նշում է հետևյալը․

«Մենք գիտակցում ենք, որ Հայաստանում համակարգային փոփոխություններ պահանջելու և դրանց աջակցելու քաղաքացիական հասարակության ներուժն է մեզ ու մեր գործընկերներին դարձրել այս զրպարտիչ արշավի թիրախը: Թիրախի տակ է հանրային վստահությունը մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտների, տասնամյակներ անց լեգիտիմ ճանապարհով ընտրված Ազգային ժողովի ու ձևավորված կառավարության հանդեպ:

Մինչ այս պահը մենք ձեռնպահ ենք մնացել հիմնադրամի մասին տարածվող ստերին անդրադառնալուց՝ այս արշավը համարելով ռևանշիստական եւ հետադիմական ուժերի սադրանք՝ կեղծիքը ներմուծելու հանրային դիսկուրս: Սակայն վերջին ամիսներին նկատում ենք, որ որոշ լրատվամիջոցներ և լրագրողներ ներգրավվել են այս ապատեղեկատվության և զրպարտության տարածման գործընթացին՝ շրջանառելով կեղծ լուրեր և թողարկելով հարցազրույցներ, որոնց ընթացքում ակնհայտ ստեր են հրամցվում լայն հանրությանը»։

Կազմակերպությունը հորդորում է լրատվամիջոցներին «չներքաշվել ատելության ու ստի արշավի մեջ, փոխարենը անաչառ լրագրությամբ բացահայտել և հանրությանը ներկայացնել ճշմարտությունը»։ Կառույցը հանդես է գալիս փաստերի ստուգմամբ՝ ներկայացնելով առավել հաճախ շրջանառված կեղծ լուրերից մի քանիսի հերքումը։

Գեղեցիկ Ոսկանյան

Մեկնաբանել