«Դրո»-ի գործով ցմահ ազատազրկված Արսեն Արծրունին կարճ ժամանակով դուրս է եկել բանտից

Արդեն 26 տարի բանտում գտնվող «Դրո»-ի գործով մահապատժի դատապարտված Արսեն Արծրունին անցյալ տարի տեղափոխվել է պատժի կրման կիսաբաց ռեժիմի, իսկ 2019-ի դեկտեմբերի 19-ին «Մարիոթ» հյուրանոցում մասնակցել է համաժողովի: Այս տեղեկատվությունը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեցին արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության մամուլի բաժնում:

Տեղեկացրին, որ Արսեն Արծրունին պատժի կրման կիսաբաց ռեժիմի է տեղափոխվել ցմահ դատապարտված Աշոտ Մանուկյանի հետ անցյալ տարի։ Մանուկյանը Վերաքննիչ դատարանի որոշմամբ հունվարի 24-ին ազատ արձակվեց:

Սպանությունների պատվեր տալու մեղադրանքով 1994-ի դեկտեմբերից ազատազրկված Արսեն Արծրունին, որի մահապատժի դատավճիռը 2003-ին նախագահի որոշմամբ փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ (այս գործով ցմահ դատապարտված է երկու անձ), «սոցիալական վերականգնման նպատակով» 2019-ի դեկտեմբերի 19-ին Երևանի «Մարիոթ» հյուրանոցում մասնակցել է համաժողովի` որպես դասընթացավար:

Քրեակատարողական ծառայության մամուլի բաժնից պարզաբանում են, որ Արսեն Արծրունին «Սևան» ՔԿՀ-ից կարճ ժամանակով դուրս է եկել քրեակատարողական ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:

«Օրենքը նման հնարավորություն ընձեռում է: Արսեն Արծրունին սոցիալական վերականգնման նպատակով կարճաժամկետ մեկնում է ունեցել ՔԿՀ-ից՝ քրեակատարողական ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ: Քրեակատարողական ծառայության մամուլի բաժնի աշխատակիցը հաստատեց, որ Արծրունին «Մարիոթ» հյուրանոցում մասնակցել է համաժողովի:

Օրենսդրական մեղմացումներ

Հայաստանում 90 ցմահ դատապարտյալ կա: Անցյալ տարի տեղի ունեցած Քրեական օրենսգրքի փոփոխություններով՝ ցմահ ազատազրկվածը պատժի 15 տարին կրելուց հետո կարող է տեղափոխվել կիսափակ ուղղիչ հիմնարկ, պատժից առնվազն 18 տարի հետո կարող է անցնել կիսաբաց ռեժիմի։ Նշանակված պատժի առնվազն 20 տարին կրելուց հետո ցմահ ազատազրկվածը կարող է տեղափոխվել բաց ուղղիչ հիմնարկ։

Սա, ըստ օրենքի, նշանակում է միայն գիշերել քրեակատարողական հիմնարկի հատուկ կացարաններում, մնացած ժամանակ դատապարտյալն ազատ է՝ ընտանիքի հետ լինել, աշխատել, բջջային հեռախոս ունենալ և այլն։

Ինչպես հայտնում է «Հետքը», Բեյրությում ծնված և 1990-ականների սկզբին Հայաստանում գործունեություն ծավալած ՀՅԴ անդամ Արսեն Արծրունու «Թիվ 10 գործի» նյութերը պահպանված չեն, քանի որ գործի հատորների մեծ մասն այրվել է 2008-ին արդարադատության նախարարության շենքում տեղի ունեցած հրդեհի հետևանքով: Շուրջ 26 տարվա ազատազրկման ընթացքում զբաղվել է կրթական աշխատանքով, պաշտպանել է դոկտորական թեզ:

Վերաքննիչ դատարանը 2018-ին մերժել էր Արսեն Արծրունուն պայմանական վաղաժամկետ ազատելու նրա պաշտպանների բողոքը:

Դրոյի գործը

«Դրո» կառույցը երկու խոշոր գործողություն է իրականացրել՝ «Քերոբ» և «Թոփ-1» անուններով։ «Քերոբ» գործողության հետևանքով 1993-ի հոկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը «Դրո» կառույցի անդամները սպանել են ՀՀ քաղաքացիներ Աշոտ Ներսիսյանին ու նրա կնոջը՝ Նունե Մարուքյանին, իսկ 1994-ի մայիսի 2-ին «Թոփ-1» գործողության արդյունքում սպանվել է դաշնակցական Գագիկ Սահակյանը։

«Դրոյի գործով» անցնող հիմնական մեղադրյալներ Արսեն Արծրունին և Արմենակ Մնջոյանը դատապարտվել են ցմահ: Արծրունին պատիժը կրում է մինչև օրս, իսկ Արմենակ Մնջոյանը մահացել է 2019-ի հունվարի 6-ին:

Արշալույս Մղդեսյան

Լուսանկարը՝ Հետքի

Մեկնաբանել