Կորոնավիրուսի թեստեր ձեռք բերելու պայմանավորվածություն ունենք․ Արսեն Թորոսյան

«Մենք արդեն պայմանավորվածություն ունենք չինական մի արտադրողի հետ՝ թեստեր ձեռք բերելու համար։ Մեր դեսպանատունը մի քանի ժամվա ընթացքում այդ թեստերը ձեռք կբերի և կուղարկի Հայաստան, որպեսզի անհրաժեշտության դեպքում կիրառվեն»․ հունվարի 31-ին հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նրա խոսքով՝ «բժշկական ախտորոշիչ թեստերի խնդիր կա, որովհետև խնդիր ունեն բոլորը»։ Հիվանդությունը նոր է, և թեստերը նոր են մշակվում։

«Թեստերը կիրառվում են միայն կլինիկական ախտանշանների ի հայտ գալու դեպքում, երբ ուզում են տարբերակել այլ հիվանդություններից»,- ասաց նախարարը։

Թորոսյանի խոսքով՝ մինչև օրս թե՛ ՀՀ քաղաքացիները, որոնք վերադարձել են Չինաստանից և ունեցել են կլինիկական ախտանշաններ` ջերմություն, փռշտոց, հազ և թե՛ Չինաստանի այն քաղաքացիները, որոնք ունեցել են նման ախտանիշներ, չեն ունեցել կորոնավիրուսին բնորոշ կլինիկա: Նրանց մոտ հայտնաբերվել է սովորական գրիպի վիրուս, որոշների մոտ` այլ ինֆեկցիաներ:

«Հետևաբար մենք 99,9 տոկոս հավանականությամբ կարող ենք ասել, որ այս պահին որևէ դեպք չունենք Հայաստանում»,- նշեց Թորոսյանը։

Նոր կորոնավիրուսով պայմանավորված (2019-nCoV)՝ Չինաստանում համաճարակային իրավիճակ է։ Վիրուսի փոխանցման հիմնական գործոն են դարձել թեթև նախուտեստները, մասնավորապես՝ ծովամթերքից և օձից պատրաստված։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) վիրուսի բռնկումը Չինաստանում ճանաչել է միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ:

Հունվարի 31-ի դրությամբ վիրուսը Չինաստանում հաստատվել է 9 737 մարդու մոտ, վիրուսի առկայությունը կասկածելի է 15 238-ի մոտ, մահացել է 213 մարդ, բուժվել` 176-ը։

Կարդացե՛ք նաև՝

Առողջապահության նախարարության հորդորները՝ նոր կորոնավիրուսով պայմանավորված

Սահմանային անցակետերում կասկածելի վարակի դեպքեր չեն գրանցվել․ տեսչական մարմին

Լուսինե Վարդանյան

Մեկնաբանել