2019-ին տնտեսական ակտիվությունը կազմել է 7,8 տոկոս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հղում անելով Վիճակագրական կոմիտեի հրապարակած 2019-ի տարեկան տնտեսական ակտիվության ցուցանիշին (ՏԱՑ), որը կազմել է 7,8%, հույս է հայտնել, որ տարվա կտրվածքով ՀՆԱ-ի աճը կկազմի 8%:

Ըստ վարչապետի՝ այս ցուցանիշն ամենաբարձրն է 2011-ից ի վեր, ինչ հրապարակվում է ՏԱՑ ցուցանիշը:

«-Արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 9%-ով,

-Շինարարության ծավալն ավելացել է 4,6%-ով,

-Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կրճատվել է 4,2%-ով,

-Առևտրի շրջանառությունն ավելացել է 8,9%-ով,

-Ծառայությունների ծավալն աճել է 15%-ով:

-Ներմուծման աճը կազմել է 10,8%, իսկ արտահանման ծավալն ավելացել է 9,4%-ով»:

Փաշինյանը այս տվյալների արդյունքներով 2019-ի համար ՀՆԱ-ի 8 տոկոս աճի հույս է հայտնել:

Ուշագրավ է, որ 2019-ի դեկտեմբերին նախորդ դեկտեմբերի նկատմամբ գրանցվել է 10,7% տնտեսական ակտիվության աճ:

***

2019-ի տնտեսական ակտիվության ցուցանիշին մոտ ցուցանիշ գրանցվել էր նաև 2017-ին՝ 7,7%, երբ կառավարությունը ղեկավարում էր Կարեն Կարապետյանը: Այդ տարի ՀՆԱ-ի աճը կազմեց 7,5%:

Սովորաբար, ՀՆԱ-ի աճը փոքր ինչ նվազ է լինում է տնտեսական ակտիվության ցուցանիշից: Սակայն այս պարագայում, ըստ տնտեսագետների, կարող է հակառակը լինել, քանի որ արտահանումը դեռ պիտի ճշգրտվի:

«Արտահանումը դեռ պիտի ճշգրտվի, ֆիզիկական անձանց կողմից ավտոմեքենաների արտահանումը ԵԱՏՄ երկրներ, որն այս պահին չի արտացոլվում արտահանման մեջ, պիտի գնահատեն և ներառեն ընդհանուր ցուցանիշի մեջ։ Այդ դեպքում արտահանման աճը կգերազանցի ներմուծման աճին»,- ասաց տնետեսագետ Հայկազ Ֆանյանը:

Արշալույս Մղդեսյան

Մեկնաբանել