Գերմանիայում քրեական գործ է հարուցվել «ադրբեջանական լվացքատան» գործով

Գերմանիայում քրեական գործ է հարուցվել «ադրբեջանական լվացքատան» գործում Բունդեսթագի պատգամավորների մասնակցության հետ կապված։

Ֆրանկֆուրտի դատախազությունը գործ է հարուցել Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Կարին Շտրենցի և նախկին պատգամավոր Էդուարդ Լինտների դեմ՝ կապված «ադրբեջանական լվացքատուն» անունը կրող կոռուպցիոն խոշոր գործի հետ։

2017-ին «Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծ» (The Organized Crime and Corruption Reporting Project, OCCRP) հարթակը, որը ներառում է շահույթ չհետապնդող 40 հետաքննող կազմակերպությունների, հոդված էր հրապարակել Ադրբեջանի իշխող՝ Ալիևների կլանի կողմից 3 միլիարդ դոլարի հասնող փողերի լվացման գործարքների մասին։

ՏԵ՛Ս՝ Ադրբեջանական լվացքատուն․ Ալիևները՝ միջազգային հետաքննական սկանդալի կենտրոնում

Հոդվածին տրվել է ծաղրական՝ Ադրբեջանական լվացքատուն (The Azerbaijani Laundromat) վերնագիրը։ OCCRP-ի հրապարակած հետաքննության համաձայն՝ Ադրբեջանի իշխող վերնախավը երկու տարվա ընթացքում գաղտնի ֆոնդից 2,8 մլրդ դոլար է ծախսել եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառելու և շքեղ գնումներ կատարելու համար: Ենթադրվում է, որ գումարը ուղղորդվել է Մեծ Բրիտանիայի չորս ոչ-թափանցիկ ընկերությունների միջոցով: Վճարվել են եվրոպացի քաղաքական գործիչներ, որոնք բարյացակամ վերաբերմունք են դրսևորել Ադրբեջանի կառավարության նկատմամբ: Ալիևը հայտարարել էր, որ «ադրբեջանական լվացքատան» հրապարակումների հետևում տեսնում է «հայկական լոբբիի հետքը»։

Ֆրանկֆուրտի դատախազը Կարին Շտրենցին մեղադրում է «ադրբեջանամետ դիրքորոշման» միջոցով առնվազն 22,000 եվրո կաշառք ստանալու մեջ։ ԵԽԽՎ նախկին անդամ Էդուարդ Լինտները մեղադրվում է Ադրբեջանից բրիտանական կեղծ ընկերությունների միջոցով 2008-ից 2016-ը մոտ 4 մլն եվրո ստանալու մեջ, որն այնուհետև պետք է փոխանցեր ԵԽԽՎ այլ անդամների, որոնք սրա դիմաց դրական կարծիքներ են արտահայտել ադրբեջանական կառավարության մասին և նպատակադրված դեմ են արտահայտվել քաղաքական բանտարկյալների ազատ արձակմանը։

«Եվրոպայի խորհրդում նրանց մուտքը ցմահ սահմանափակելուց հետո ժամանակն է, որպեսզի Կարին Շտրենցի և Էդուարդ Լինտների կողմից թույլ տրված անօրինականությունները հետաքննվեն։ Մենք շատ ուրախ ենք, որ Ֆրանկֆուրտի դատախազությունն իրավիճակն այլ կերպ է գնահատել, քան Ռոստոկի դատախազությունը», – ասել է «Թրանսփարենսի Դոյչլանդի» ղեկավար Հարտմուտ Բաումերը։

#CivilNet #News

Մեկնաբանել