Վերջին շրջանում Հայաստանի բարձրագույն օղակները՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, խոսում են Հայաստանում հիբրիդային հեղաշրջման փորձերի, հիբրիդային նախապատրաստությունների մասին։ Լոնդոնի IHS Markit հետազոտական կենտրոնի ավագ վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը ՍիվիլՆեթի Ստելլա Մեհրաբեկյանի հետ զրուցում է այդ հայտարարությունների, Հայաստանում տեղեկատվական պատերազմի, բարեփոխումների ընթացքի շուրջ։
Լիլիթ Գևորգյանի համոզմամբ՝ Հայաստանում առկա են հիբրիդային պատերազմի բաղադրիչները, և վերջին ամիսներին դրանք ոչ միայն չեն վերացել, այլև ինտենսիվացել են։ Վերլուծաբանն ասում է՝ տարբեր խմբերի կողմից իրականացվող ապատեղակատվական արշավները ռազմական ուժին համարժեք գործողություններ են, որոնք «անպայմանորեն ունենում են քայքայիչ ազդեցություն հանրության ու քաղաքական դաշտի վրա»։
«Հիբրիդային պատերազմի թիրախը միայն Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չէ, այլև՝ առողջ ընդդիմությունը»,- ասում է Լիլիթ Գևորգյանը և հորդորում այսօրվա իշխանությանը ձեռք մեկնել և առաջին պլան բերել առողջ ընդդիմությանը, այլապես նա կարող է ավելի ներքաշվել «դիտավորյալ տարվող հիբրիդային պատերազմում»։ Բարեփոխումների գործընթացի մասով վերլուծաբանը մատնանշում է ռազմավարական պատշաճ հաղորդակցության բացակայության փաստը։