Տարածքների հանձնման տանջալից դիլեման

Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում տարածքների վերադարձի թեման, թերևս, ամենաքննարկվողն է ու հասարակության ներսում հուզական պոռթկումներ առաջացնելու կարողության առումով՝ ամենաուժեղը։ 

Այս կամ այն տարբերակով տարածքների վերադարձն առկա է 1996-ից հետո հակամարտության կողմերին ներկայացված կարգավորման բոլոր տարբերակներում։ Այստեղ կարիք չկա այդ տարբերակները մանրամասն ներկայացնել։ 

1997թ. հուլիսին և դեկտեմբերին, ինչպես նաև 1998թ. նոյեմբերին ներկայացված տարբերակները հրապարակել է Ռուսաստանը ներկայացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը, 2001թ. Քի Վեսթում քննարկված տարբերակի մասին առկա են տարբեր վկայություններ, 2011թ. Կազանի գագաթնաժողովի աշխատանքային տարբերակը հրապարակել է Հայկական ուսումնասիրությունների Անի Կենտրոնը 2016թ. հունիսին, իսկ 2018 թ. հունվարին Կրակովում կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ սեղանին դրված փաստաթուղթը կամ դրա մի մասը հրապարակվել է 1in.am կայքում 2019թ․ հոկտեմբերի 17-ին։ 

Հաջորդ կարևոր արձանագրումն այն է, որ տարածքների վերադարձ նախատեսող տարբերակներ, առնվազն որպես բանակցությունների հիմք, ընդունվել են ՀՀ երեք նախագահների կողմից (Լևոն Տեր Պետրոսյանը համաձայն էր 1997թ. դեկտեմբերի փուլային տարբերակին, Ռոբերտ Քոչարյանը՝ 2001 թ. Քի Վեսթի տարբերակին, Սերժ Սարգսյանը՝ 2011թ. Կազանի փաստաթղթին): 

Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական կոնտեքստը

Այս գործընթացին փորձագիտական հնարավորինս անաչառ գնահատական տալու համար անհրաժեշտ է հակիրճ ներկայացնել այս փաստաթղթերի քննարկման ժամանակ Հարավային Կովկասում ձևավորված աշխարհաքաղաքական կոնտեքստը։ 1994թ. սեպտեմբերին Ադրբեջանը ստորագրել էր սեփական նավթը միջազգային շուկաներ արտահանելու «դարի պայմանագիրը», սակայն 1997թ. վերջի դրությամբ դեռ չէր որոշվել նոր կառուցվելիք նավթամուղի երթուղին։ 

1994-1997 թթ. քննարկվում էր նաև ադրբեջանական նավթը Թուրքիա տեղափոխող նավթամուղի՝ Հայաստանի տարածքով կառուցման հնարավորությունը, իհարկե, արցախյան հակամարտության կարգավորման և համապատասխան համաձայնագիր ստորագրելու դեպքում։ Նշենք, որ նավթամուղի՝ Վրաստանով անցնող տարբերակը վերջնականապես հաստատվեց միայն 1998թ. հոկտեմբերի 29-ին  Անկարայում Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի և Ղազախստանի նախագահների ստորագրած հռչակագրով։ 

Իհարկե, այժմ մենք միայն կարող ենք ենթադրել, թե 1997թ. փուլային տարբերակի ընդունման դեպքում որքանով էր իրատեսական Ադրբեջան-Թուրքիա նավթամուղի՝ Հայաստանի տարածքով անցնելը և ինչ առավելություններ դա կտար Հայաստանին և Արցախին։ Սակայն հարկ է ընդգծել, որ անցյալի վճռորոշ նշանակություն ունեցող դեպքերին փորձագիտական, հնարավորինս անաչառ գնահատական տալու համար կոնտեքստի ընկալումը չափազանց կարևոր է։ 

2001թ. գարնան տարածաշրջանային կոնտեքստը հասկանալու համար պետք է արձանագրել, որ թե՛ Ռուսաստանում, թե՛ ԱՄՆ-ում ընտրվել էին նոր նախագահներ՝ Վլադիմիր Պուտինը՝ 2000թ. մարտին, և Ջորջ Բուշ Կրտսերը՝ 2000թ. նոյեմբերին, որոնք փորձում էին որոշակի փոխըմբռնման հասնել հետխորհրդային տարածաշրջանում, ինչի վկայությունն է 2001թ. հունիսի 16-ին Սլովենիայում կայացած  նրանց գագաթնաժողովը։ 

Բացի այդ, Ադրբեջանն ակտիվորեն պատրաստվում էր 2002թ. սկսել Բաքու- Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կառուցման աշխատանքները։ Հասկանալի է, որ նավթամուղի գործարկումը բազմակի ավելացնելու էր Ադրբեջանի եկամուտները և զգալիորեն մեծացնելու էր Հայաստանի ու Ադրբեջանի՝ ռազմական ծախսերին տրամադրվող գումարների տարբերությունը։ Մենք կարող ենք ենթադրել, որ Հայաստանի այն ժամանակվա ղեկավարությունը գտնում էր, որ նավթամուղի գործարկումը էականորեն կավելացնի Ադրբեջանի ռազմավարական ներուժը, ինչը կթուլացնի բանակցություններում ՀՀ դիրքերը։

2011թ. Ադրբեջանը գտնվում էր նավթային բումի գագաթնակետին և արդեն նախնական բանակցություններ էին ընթանում ադրբեջանական գազը Եվրոպա տեղափոխող Հարավային գազային միջանցքի գործարկման վերաբերյալ (տրանսանատոլիական և տրանսադրիատիկ գազամուղերի կառուցման մասին վերջնական որոշումը ընդունվել է 2013թ. դեկտեմբերին)։ 

Բացի այդ, 2009թ. հոկտեմբերին ստորագրվել էին հայ-թուրքական արձանագրությունները, և Թուրքիան հստակ ուղերձներ էր հղում, որ դրանց վավերացումը հնարավոր է բացառապես արցախյան բանակցային գործընթացում առաջընթացի արձանագրման դեպքում։ Հաշվի առնելով այն գնահատումները, որ հայ-թուրքական սահմանի բացումն ու երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կարող էին նպաստել Ռուսաստանից Հայաստանի կախվածության նվազմանը և աջակցել ԱՄՆ-ի հետ հարաբերությունների սերտացմանը, այս գործոնը, Ադրբեջանի տնտեսական աննախադեպ աճի հետ միասին, կարող էր դեր խաղալ Կազանյան փաստաթղթի ընդունման որոշման գործում։

2011-ից հետո բանակցային գործընթացը փաստացի սառեցվել էր՝ նախ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և հերոսացման, իսկ այնուհետև 2014թ. ամառվանից սկսած՝ Ադրբեջանի կողմից ռազմական ճնշման աստիճանական ուժեղացման պատճառով, որի գագաթնակետը 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմն էր։ 

Պատերազմից հետո բանակցությունները հիմնականում կենտրոնացած էին հրադադարի խախտման հետաքննությունների մեխանիզմների ներդրման և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի՝ հրադադարի ռեժիմի դիտարկում իրականացնող կարողություններն ավելացնելու վրա։ 

Միևնույն ժամանակ, կարգավորման առանցքային հարցերի վերաբերյալ 2011թ. հունիսից 2018 թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում միջնորդների կողմից սկզբունքորեն նոր փաստաթուղթ չէր մշակվել, և սեղանին շարունակում էր մնալ 2011թ. տարբերակը՝ որոշ փոփոխություններով (Լավրովի պլան, Կրակովյան փաստաթուղթ)։ 

Վերջին տարիներին տարածաշրջանային կոնտեքստը ենթարկվել է զգալի փոփոխությունների։ Ադրբեջանում նավթային բումն արդեն անցյալ է, և այնտեղ առկա է նավթի արդյունահանման և արտահանման ծավալների որոշակի նվազում։ 2015թ. այդ պետության տնտեսությունը լուրջ ցնցումների ենթարկվեց, այդ թվում՝ ազգային արժույթի երկու կտրուկ արժեզրկումների տեսքով։ 

Նավթարդյունահանման ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրման և մի շարք այլ գործոնների հետևանքով անկում են ապրել նավթի գները՝ 2008թ. հունիսի բրենտ տեսակի նավթի մեկ բարելի դիմաց ավելի քան 130 դոլար պիկից հասնելով միջինը 60 դոլարի մակարդակի 2018-2019 թթ.։ Ադրբեջանի տնտեսությունը վերջին տարիներին գրեթե չի աճում՝ 2018 թ. արձանագրելով ՀՆԱ-ի ընդամենը 1 տոկոս աճ։

Թավշյա հեղափոխությունից հետո

Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունից» հետո բանակցային գործընթացը շարունակվում է։ 2018թ. հուլիսից մեկնարկել են արտգործնախարարների միջև հանդիպումները, 2019թ. կայացել է պետությունների ղեկավարների երկու հանդիպում։ Կողմերը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելու ուղղությամբ (ինչը, ամենայն հավանականությամբ, նշանակում է նախապատրաստում փոխզիջումներին), որի առաջին գործնական քայլ է դիտարկվում 2019թ. նոյեմբերին կայացած լրագրողների փոխայցելությունները։ 

2019թ. դեկտեմբերին ԵԱՀԿ նախարարական խորհրդաժողովի շրջանակում Բրատիսլավայում կայացած արտգործնախարարների հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների պատվիրակությունների ղեկավարների հրապարակած հայտարարության մեջ արձանագրվում էր, որ ցանկացած արդար և տևական կարգավորում պետք է հենված լինի 2009-2012 թթ. համանախագահ պետությունների նախագահների հայտարարություններում բերված տարրերի վրա (առաջին նման հայտարարությունն ընդունվել է 2009 թ. հուլիսի 10-ին Լա Աքվիլայում), որոնց հաշվառմամբ էր մշակվել Կազանի փաստաթուղթը։ 

Կարելի է ենթադրել, որ միջնորդները մտադիր չեն սկզբունքորեն նոր տարբերակ առաջարկել, և նրանց կարծիքով, բանակցությունները կարող են ընթանալ միայն վերջին տարբերակի որոշակի դետալների մոդիֆիկացիայի ուղղությամբ։

Հայ հանրության դիրքորոշումը տարածքների վերադարձի վերաբերյալ

Բանակցային գործընթացի մանրամասների հետ զուգահեռ, թերևս, ամենաշատ քննարկվող հարցը Հայաստանի հասարակության դիրքորոշումն է տարածքների վերադարձի վերաբերյալ։ Հարցը, թե արդյոք Հայաստանի և Արցախի հանրությունը պատրաստ է վճարել դրանց չվերադարձման և, ըստ այդմ, ներկա ստատուս քվոյի շարունակման գինը։ Այս հարցադրումն իհարկե հռետորական է։ 

Ակնհայտ է, որ հասարակության բացարձակ մեծամասնությունը դեմ է տարածքների վերադարձին, բայցև շատերը ցանկություն չունեն ապրել անընդհատ պատերազմի սպառնալիքի և անձնական բարեկեցության բարձրացման հեռանկարների բացակայության պայմաններում։ Թերևս դրա վկայությունն է 1991-ից հետո Հայաստանից մոտ մեկ միլիոն մարդու հեռանալու փաստը։ 

2016թ. ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ հասարակության զգալի մասը պատրաստ է նույնիսկ կյանքը վտանգել Արցախի անվտանգության համար։ Կարճաժամկետ առումով դա անհերքելի փաստ է, սակայն արցախյան հակամարտության տիպի կոնֆլիկտները, ցավոք, չեն լուծվում կարճաժամկետ հայրենասիրական պոռթկումներով։ 

Ապրիլյան պատերազմից հետո չի արձանագրվել հայրենադարձության ալիք ո՛չ դեպի Հայաստան, ո՛չ էլ Արցախ։

Հետևաբար հասարակության՝ ստատուս քվոյի պահպանման գինը վճարելու պատրաստակամության մասին գնահատումները չափազանց հարաբերական են։ Տարածքների վերադարձման հարցով հանրաքվեի անցկացման դեպքում տարածքների դրան դեմ քվեարկածների զգալի մասը քայլեր կձեռնարկեն եթե ոչ իրենց, ապա առնվազն իրենց արական սեռի երեխաներին Հայաստանից հեռացնելու ուղղությամբ։

Հստակ է մի բան՝ որոշումների ընդունման պատասխանատվությունը պետության ռազմաքաղաքական ղեկավարության վրա է։ Նա, հաշվի առնելով տարածաշրջանային փոփոխված կոնտեքստը, Հարավային Կովկասում ներգրավված տերությունների շահերը, միջնաժամկետ հեռանկարում հնարավոր զարգացումների գնահատումները, պետք է ընդունի որոշումներ և դրա համար կրի պատասխանատվություն։ 

Իհարկե, կարելի է Հայաստանի առաջին երեք նախագահներին մեղադրել տարածքներ հանձնելու պատրաստակամության մեջ, սակայն դրանից ներկա իրավիճակը չի փոխվի։ 1994-2019 թթ. ընթացքում տարածքներ չեն հանձնվել (բացառությամբ 2016թ. ապրիլի մոտ 1000 հեկտարը), իսկ տարածքներ հանձնելու կամ չհանձնելու որոշման ընդունումը և դրանից բխող հետևանքների պատասխանատվությունը ընկնում է ներկա ռազմաքաղաքական ղեկավարության վրա։