ՍԴ հարցին պետք է մոտենանք երկրի ինստիտուցիոնալ կայացման տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան

Սահմանադրական դատարանի հարցին պետք է մոտենալ երկրի ինստիտուցիոնալ կայացման տրամաբանությամբ․ կարծում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի հետ։

Նախագահի կայքում զետեղված հաղորդագրության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանն կարևորել է ինստիտուցիոնալ բարեփոխումները։

«2019-ին մենք արձանագրեցինք հեղափոխությունից հետո անցումային կառավարման շրջանը և մեր քննարկումների առանցքում էլ միշտ եղել է այն, որ պետք է ավելի ու ավելի շատ կարևորենք մեր երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումների թեման և հիմնադրենք ու ներդնենք ռազմավարական կառավարման տրամաբանությունը:

Կարծում եմ, որ 2020 թվականին հենց այդպիսի մի փուլ ենք թևակոխում, և մեր երկրում ինստիտուտների կայացումը, հակակշիռների և փոխզսպումների համակարգի ներդրումը մշտապես եղել է մեր ուշադրության կենտրոնում և հիմա էլ մեր ուշադրության կենտրոնում է: Գիտեք, նաև արձագանքել եք Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին, եթե կարելի է ասել ճգնաժամին, և այսօր հույս ունեմ, որ մենք կքննարկենք նաև դրա հետ կապված խնդիրը, մտքեր կփոխանակենք:

Իհարկե, ես միանշանակ կիսում եմ Ձեր այն տեսակետը, որ մենք այդ հարցին պետք է մոտենանք հենց երկրի ինստիտուցիոնալ կայացման տրամաբանությամբ, մեր երկրի ազգային և պետական շահերի տրամաբանությամբ, հակակշիռների և փոխզսպումների ճշգրիտ և աշխատող համակարգ ունենալու տրամաբանությամբ, որովհետև միայն այդ պարագայում է, որ մենք կունենանք անշրջելի ժողովրդավարություն, անշրջելի օրենքի գերակայություն՝ սրանից բխող հետևանքներով, և, իհարկե, անշրջելի Սահմանադրական իրականություն, որը մշտապես եղել է մեր ուշադրության կենտրոնում և մեր աշխատանքային քննարկումների առանցքում: Այնպես որ շատ ուրախ եմ այս առիթի համար»:

#CivilNet #News

Մեկնաբանել