Քաղաքաշինության կոմիտեի նախագահը ձերբակալվել է

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին։ Նա կասկածվում է խոշոր չափի կաշառք ստանալու մեջ։ Վերմւշյանը խոստովանել է, որ կաշառք է ստացել։

Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ Վերմիշյանը «շինարակական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1-2,5 միլիոն դրամի չափով, գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց, 2019թ. ընթացքում նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը»:

«Կաշառք ստանալը քողարկելու նպատակով, խախտելով ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու օրենքով սահմանված արգելքը, նա մտերիմի անունով հիմնել է նախագծման աշխատանքներ իրականացնող ՍՊ ընկերություն և նյութական առավելություն ստանալու նպատակով՝ ուղղորդել է իրեն դիմած կառուցապատողներին և անհատներին գործարքներ կատարել նշված ընկերության հետ` միջոցներ ձեռնարկելով ընկերության կողմից կազմված փաստաթղթերի հիման վրա պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից բարենպաստ որոշումների կայացման համար:

Բացի այդ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը 2019թ. հոկտեմբերի 23-ին իր աշխատասենյակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել մի քանի շինարարական ընկերությունների սեփականատիրոջը «Հայաստանի վաստակավոր շինարարի» կոչման ներկայացնելու համար, դրա դիմաց որպես կաշառք ստանալով 2,379.950 դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար գումար և շուրջ 2,3 միլիոն դրամին համարժեք շինանյութ։

ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք բերման են ենթարկվել, նրանցից երեքը՝ այդ թվում հիշյալ կոմիտեի նախագահը, ձերբակալվել են, ընդ որում կաշառք ստացած պաշտոնյան որպես կասկածյալ հարցաքննվելուց խոստովանել է հանցագործության կատարումը»,- նշվում է ԱԱԾ հաղորդագրությունում:

Այսօր ավելի վաղ ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում։

#CivilNet #News

Մեկնաբանել