ԱԺ արտահերթ նիստը հետաձգվեց. ՍԴ-ի մասին աղմկահարույց նախագիծը հետ է կանչվել

Ազգային ժողովի փետրվարի 6-ի արտահերթ նիստը, որում պետք է քննարկվեր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած՝ ՍԴ անդամների լիազորությունների դադարեցման վերաբերյալ օրենսդրական փաթեթը, հետաձգվեց: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ նախաձեռնությամբ հանդես եկած պատգամավորը հետ է կանչել ԱԺ օրակարգում ընդգրկված նախագծերը:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱԺ օրակարգում այլևս հարցեր չեն մնացել, նիստը համարվում է փակված», – ասաց Միրզոյանը՝ տեղեկացնելով նաև, որ «ըստ երևույթին, ինչ-որ տեխնիկական պատճառներով են նախագծերը հետ կանչվել»:

«Այսօր առավոտյան նախաձեռնողը համանման օրենքի նախագիծ է դրել շրջանառության մեջ և «Իմ քայլը» խմբակցությունը միջնորդել է կրկին հրավիրել ԱԺ խորհրդի արտահերթ նիստ: Այդ մասին ծանուցումը ստացել եմ և հարկ եմ համարում տեղեկացնել ու խնդրել խորհրդի անդամներին մնալ Ազգային ժողովում: Մեկ ժամից կունենաք խորհրդի արտահերթ նիստ, որտեղ քննարկելու ենք համանման միջնորդություն՝ այսօր գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ», – ասաց նա։

Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը ներկայացրել է օրենսդրական փաթեթ, որով առաջարկվում են փոփոխություններ «ԱԺ կանոնակարգ», «ՍԴ մասին» և «Հանրաքվեի» մասին օրենքներում: Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի նպատակն է «Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի լուծումը»: Օրեսնդրական փաթեթը հայտնվել է ընդդիմադիրների քննադատությունների թիրախում:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ դեմ են նախագծին։

Մեկնաբանել