Գնալու ենք մինչև վերջ. Ալեն Սիմոնյանը՝ ՍԴ-ի վերաբերյալ նախագծի մասին

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմանյանը վստահ է, որ այսօր՝ փետրվարի 6-ին, կներկայացվի ՍԴ անդամների լիազորությունների դադարեցման վերաբերյալ նոր օրենսդրական փաթեթ, և արտահերթ ռեժիմով դրա քննարկումը կավարտվի մեկ օրում:

«Կարծում եմ՝ այսօր հենց կսկսենք ու կավարտվենք», – լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը՝ հրաժարվելով ներկայացնել օրենսդրական փաթեթի հետկանչման ու փոփոխված տարբերակով ներկայացնելու պատճառները: «Թե ինչու նախագիծը հետ կանչվեց՝ ես ձեզ հիմա չեմ կարող ասել: Մենք ընտրել ենք մարտավարություն և դրանով շարժվում ենք», – ասաց Սիմոնյանը:

Նա ընդունեց, որ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամային վիճակի հանգուցալուծման քաղաքական ճանապարհ է ընտրվել:

«Այստեղ չկա անփութություն, կա մարտավարություն: Տարբեր իրավիճակներում ընտրել ենք տարբեր մարտավարություններ: Հրավիրել ենք հանրությանը Ազգային ժողովի մոտ, որոշել ենք ձեռք մեկնել ՍԴ դատավորներին: Հիմա այս ձևով ենք գնում: Այո, քաղաքական որոշում է կայացվել, որ Սահմանադրական դատարանում և դատական համակարգում առկա ճգնաժամը լուծում է ստանալու որպես մի վերջին բաստիոն, որ մնացել է հին Հայաստանից», – ասաց նա:

Սիմոնյանը նաև վստահություն հայտնեց, որ կանգ չեն առնելու և այս հարցում «գնալու են մինչև վերջ»:

***

Ազգային ժողովի արտահերթ նիստը, որում պետք է քննարկվեր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած և ՍԴ անդամների լիազորությունների դադարեցմանը միտված օրենսդրական փաթեթը, հետաձգվեց: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ նախաձեռնությամբ հանդես եկած պատգամավորը փետրվարի 6-ի առավոտյան հետ է կանչել ԱԺ օրակարգում ընդգրկված նախագծերը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ դեմ են նախագծին։

Արշալույս Մղդեսյան

Մեկնաբանել