ՍԴ անդամների պաշտոնավարումը դադարեցնելու հարցը կդրվի հանրաքվեի. «Իմ քայլը»

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն առաջին ընթերցմամբ չի ընդունի Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարումը դադարեցնելու` իր կողմից ներկայացված նախագիծը` առաջարկելով այն դնել հանրաքվեի․ Սահմանադրության փոփոխությունների նախագիծն ԱԺ նիստում ներկայացնելիս այս մասին հայտնեց խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը:

«Իմ քայլը» խմբակցությունն առաջին ընթերցմամբ չի ընդունելու այս նախագիծը, և Սահմանադրության 202-րդ հոդվածի 3-րդ կետի ուժով ԱԺ-ին տրված լիազորությամբ առաջարկելու է քվեարկության դնել այս նախագիծը համաժողովրդական հանրաքվեի ներկայացնելու մասին որոշումը: Սա ուղիղ ժողովրդավարության կիրառում է, սա մեր քաղաքական ուժի համոզմունքը, հավատամքն է: Մենք հավատում ենք մեր ժողովրդին, և մենք ասելիք ու լսելիք ունենք մեր ժողովրդից»,-ասաց Հովակիմյանը:

Պատգամավորի խոսքով՝ օրենսդիր մարմինը, կառավարությունն ամեն ինչ արել են ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամը հանգուցալուծելու համար: Հովակիմյանի խոսքով` ՀՀ քաղաքական իշխանությունն ամեն ինչ արել է այս ճգնաժամը հանգուցալուծելու այնպես, որպեսզի ՍԴ անդամներն այդ հանգուցալուծման գործում ունենան իրենց մասնակցությունը:

Նա հիշեցրեց Հրայր Թովմասյանի լիազորությունները վայր դնելու խորհրդարանի` ՍԴ ուղարկած առաջարկը, որը սակայն ՍԴ-ի կողմից վարույթ չընդունվեց: Նա նկատեց` հաջորդ քայլով արդեն կառավարությունը ձեռք մեկնեց ՍԴ անդամներին, ընդառաջ գնաց` բերելով վաղ կենսաթոշակի գնալու մասին օրենքը, որը Վենետիկի հանձնաժողովի կողմից դրական եզրակացության էր ստացել: Սակայն նա նկատեց, որ որոշ անդամներ արդեն հայտարարել են, որ չեն պատրաստվում իրենց մեկնված ձեռքը բռնել: «Ավելին, նրանք, ՍԴ-ի այն անդամներին, որոնք միգուցե որոշեն այդ մեկնված ձեռքը բռնել, որակել են որպես դավաճաններ, այսինքն՝ հոգեբանական ճնշում են գործադրել»,-ասաց պատգամավորը:

Հովակիմյանը նշեց` այսօրվա ստեղծված իրավիճակը փաստում է, որ վաղ կենսաթոշակի օրենքով խնդիրը վերջնական չի լուծվել: «Սա է պատճառը, որ մենք խորհրդարանի քննարկմանն ենք ներկայացրել 2015 թվականի խմբագրությամբ Սահմանադրության 213 հոդվածի փոփոխության նախագիծ, որով առաջարկում ենք փաստաթղթի ուժի մեջ մտնելու պահից դադարեցնել մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների պաշտոնավարումը»,- ասաց նա:

#ՍիվիլՆեթ #Լուրեր

Մեկնաբանել