«Հերքում ենք նմանօրինակ սին ենթադրությունները». ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Վիտալի Բալասանյանին

Արցախի նախագահական ընտրությունների թեկնածու Վիտալի Բալասանյանը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ժնևյան հանդիպման վերաբերյալ հարցում է ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը։ Նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հրապարակել է Բալասանյանին ուղարկած պատասխանը։

«Եվս մեկ անգամ խստագույնս հերքում ենք նմանօրինակ սին և իրականության հետ որևէ աղերս չունեցող ենթադրությունները: Մենք ուշադրությամբ հետևում ենք Արցախում մեկնարկած նախընտական արշավին: Հանուն մեր համազգային նպատակների և իղձերի, Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչ լինելու համար պայքարում կոչ ենք անում Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ շահարկումները չդարձնել ներքաղաքական պայքարի գործիք և զերծ մնալ բացահայտ սուտ և սադրիչ տեղեկատվություն տարածելուց»,- նշված է ՀՀ ԱԳՆ պատասխանում:

Արցախի նախագահական ընտրությունների թեկնածու Վիտալի Բալասանյանը, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Ժնևում կայացած հանդիպմանը, նշել է, որ «քննարկվել են Քաշաթաղի, Լաչինի շրջանի հարավային մասում ադրբեջանցիների և հայերի համատեղ բնակավայրեր կառուցելու» և «այնտեղ խաղաղապահ ուժեր տեղակայելու հարցը»: Նա հետաքրքրվել էր` արդյոք այդ հարցը ներառված է եղել ժնևյան օրակարգում:

Հունվարի 29-ին և 30-ին Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Դրան նախորդել էր ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։

Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ եռօրյա ինտենսիվ քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի. 2019 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունների և քննարկված առաջարկների իրականացումը և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ հնարավոր հաջորդ քայլերը, ապագա կարգավորման հիմքը հանդիսացող սկզբունքները և տարրերը։ Քննարկվել են նաև կարգավորման գործընթացի առաջմղմանն ուղղված ժամանակացույցը և օրակարգը:

Զոհրաբ Մնացականյանը շեշտել է խաղաղ գործընթացում Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների ներգրավման անհրաժեշտությունը: ԱԳ նախարարները համաձայնել են կրկին հանդիպել մոտ ապագայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:

#ՍիվիլՆեթ #Լուրեր

Մեկնաբանել