92-րդ Օսկարը՝ պատմական արդյունքներով

Ամերիկյան կինոակադեմիայի ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունն այս տարի զարմացրեց անկանխատեսելի արդյունքներով։ 92-րդ Օսկարը նշանավորվեց և պատմության մեջ մտավ օտարալեզու առաջին ֆիլմի հաղթանակով։

Հարավկորեացի ռեժիսոր Բոնգ Ջուն-Հոյի «Մակաբույծ» ֆիլմը հաղթեց չորս անվանակարգում՝ լավագույն օրիգինալ սցենար, լավագույն օտարալեզու ֆիլմ, լավագույն ռեժիսոր, և որ ամենաանսպասելին էր, լավագույն ֆիլմ։ Ֆիլմը վեցերորդն էր կինոակադեմիայի պատմության մեջ, որ առաջադրված էր թե՛ լավագույն օտարալեզու ֆիլմ, թե՛ լավագույն ֆիլմ անվանակարգերում՝ «Զեթ» (1969), «Կյանքը հիասքանչ է» (1998), «Խոնարհ վագր, թաքնված վիշապ» (2000), «Սեր» (2012), «Ռոմա»(2018) ֆիլմերից հետո, սակայն միակը, որ հաղթեց երկուսում էլ։

«Մակաբույծ»

Սա պատմական իրադարձություն էր ոչ միայն կինոակադեմիայի, այլև Հարավային Կորեայի համար։ Ասիական այս երկրից առաջին անգամ էր ֆիլմ առաջադրվում Օսկարի։ Այս տարի հարավկորեական ֆիլմարտադրությունը նշում էր 100-ամյակը։ Կինոաշխարհի մարդկանց կարծիքով սա լավագույն նվերն էր երկրի համար։

Լավագույն ֆիլմ անվանակարգի հաղթողի գլխավոր հավակնորդը համարվում էր Սեմ Մենդեսի «1917» պատմական դրաման։ Ֆիլմը հաղթեց երեք անվանակարգում՝ լավագույն օպերատորական աշխատանք, հնչյունային ձևավորում և վիզուալ էֆեկտներ։

«1917» «Ջոկեր»Ադապտացված սցենարներից լավագույնը ճանաչվեց Թայիքա Վայթիթիի «Ջոջո ճագար» ֆիլմը, որ հիմնված է Քրիստին Լյունենսի Le ciel en cage գրքի վրա։ Ֆիլմը պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին մի պատմություն՝ երեխայի տեսանկյունից։

Լավագույնների մյուս չորս ամենակարևոր՝ լավագույն դերասան, դերասանուհի և երկրորդ պլանի լավագույն դերասան, դերասանուհի անվանակարգերի հաղթողներին, սակայն, բուքմեյքերները ճիշտ էին կանխորոշել։

Մեծ աղմուկ հանած «Ջոկեր»-ի գլխավոր դերակատար Հոակին Ֆենիքսն արժանացավ տարվա լավագույն դերասանի կոչմանը։ Գոթեմ քաղաքում ապրող անհաջողակ կատակերգուի անձնական դրամաներն արտացոլող դերասանի խաղը տպավորել էր ոչ միայն հանդիսատեսին, այլև Ակադեմիայի անդամներին։ Թոդ Ֆիլիպսի ֆիլմը նաև ռեկորդ էր սահմանել առաջադրված անվանակարգերի թվով՝ 11 անվանկարգ։ Դրանցից հաղթել է ֆիլմը միայն երկուսում։ Լավագույնը համարվեց նաև ֆիլմի երաժշտությունը։

Տարվա լավագույն դերասանուհին է Ռենե Զելվեգերը՝ «Ջյուդի» ֆիլմում ամերիկացի երգչուհի և դերասանուհի Ջյուդի Գարլենդին մարմնավորելու համար։ Սա Զելվեգերի երկրորդ օսկարն էր։ Առաջին անգամ դերասանուհին հաղթել էր երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում «Ցուրտ լեռը» (2003) ֆիլմի համար։

Երկրորդ պլանի լավագույնները Բրեդ Փիթն («Մի անգամ․․․ Հոլիվուդում») ու Լորա Դերնն («Ամուսնական պատմություն») էին։

«Մի անգամ Հոլիվուդում»Քվենտին Տարանտինոյի ֆիլմը, որ հայնի Մենսոնյան սպանությունների, իսկ ավելի կոնկրետ՝ Հոլիվուդի ամենաաղմկահարույց սպանություններից մեկի՝ դերասանուհի Շերոն Թեյթի տանը դաժանաբար սպանված հինգ անձանց, այդ թվում՝ հղի դերասանուհու, պամության հորինովի համարժեքն է, հաղթեց արտադրության դիզայն անվանակարգում։ «Ի՞նչ կլիներ, եթե․․․» տրամաբանությամբ Տարանտինոն փորձել է «փոխել պատմությունը»՝ դերասանուհու տան վրա հարձակված հիպիներին ուղարկելով հարևան տուն։

Արագության մասին․ հեղինակավոր երկու ավտոարտադրող ընկերությունների մրցակցությունն ընդգծող «Ֆորդն ընդդեմ Ֆեռարիի» (ռեժիսոր՝ Ջեյմս Մանգոլդ) ֆիլմն արժանացավ լավագույն մոնտաժ և լավագույն հնչյունային ռեժիսուրա մրցանակներին։ Դոնալդ Սիլվեստերը եղել էր տարբեր գործարաններում և ձայնագրել այնտեղի ձայները՝ ֆիլմում տպավորիչ ձայնային էֆեկներ ստանալու համար։

Դերասանների արտաքինն ապահովող արտիստները ևս անմասն չմնացին մրցանակաբաշխությունից։ Հագուստի լավագույն ձևավորումը Գրետա Գերվիգի «Փոքրիկ կանայք» ֆիլմինն էր, դիզայներ՝ Ժաքլին Դյուրան։ Վարսահարդարում և դիմահարդարում անվանակարգում լավագույնը «Սկանդալ» ֆիլմն էր՝ հոլիվուդյան գեղեցկուհիներ Շարլիզ Թերոնի, Նիքոլ Քիդմանի և Մարգո Ռոբիի մասնակցությամբ։

Երեկոյի երաժշտական դադարները լցրին Էլթոն Ջոնը, Բիլլի Այլիշը, Էմինեմը և հայտնի այլ երաժիշտներ։ Էլթոն Ջոնը նաև մրցանակի արժանացավ` «Ռոքեթմեն» ֆիլմի համար կատարած «(I’m Gonna) Love Me Again» երգի համար։

Անիմացիոն ֆիլմերի անվանակարգերում հաղթողներն էին՝ «Hair love»-ը (կարճամետրաժ) և «Խաղալիքների պատմություն 4»-ը (լիամետրաժ)։

Վավերագրական լավագույն ֆիլմեր ճանաչվեցին «Սովորել քշել սքեյթբորդ պատերազմի դաշտում (եթե դու աղջիկ ես)» կարճամետրաժը և լիամետրաժ «Ամերիկյան գործարանը»։

Սաթենիկ Հակոբյան

Մեկնաբանել