Դատախազությունը մեղմացնում է Արա Բաբլոյանին, Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքները

Դատախազությունը կրկին չի հաստատել ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով մեղադրական եզրակացությունները և հետ է ուղարկել դրանք։ Այս մասին հայտնել է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

Մեղադրական եզրակացությունները, ըստ դատախազության հայտարարության, հետ են ուղարկվել, քանի որ մեղադրյալների կատարած արարքները ճիշտ չեն որակվել: Ըստ այդմ՝ որոշում է կայացվել առաջադրված մեղադրանքը փոփոխելու և նոր մեղադրանքներ առաջադրելու մասին: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է, որ ճիշտ չեն որակվել մեղադրյալների կատարած արարքները։

Ըստ դատախազության՝ Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի արարքներն անհրաժեշտ է որակել ոչ թե իշխանության յուրացում և պաշտոնեական կեղծիքի կատարում, այլ պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Խոսքն Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա հարուցած քրեական գործի մասին է: Պատգամավորը հայտարարել էր, որ 2018-ին Հրայր Թովմասյանը յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով։ Հրայր Թովմասյանն այս գործով որևէ կարգավիճակ չունի:

***

2019-ի հոկտեմբերին ՀՔԾ-ն մեղադրանք էր առաջադրել Արա Բաբլոյանին՝ պաշտոնեական կեղծիքի և իշխանությունը յուրացնելու հոդվածներով։ Խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Արա Բաբլոյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Այս գործով անցնող ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբյանը մեղադրվում է իշխանության յուրացմանն օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար: Նա ևս չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Ըստ ՀՔԾ-ի, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի՝ մարտի 5-ին ստացած դիմումը Բաբայանը թվագրել է մարտի 2-ով: Ծանոթանալով գործի նյութերին՝ ԱԺ նախկին աշխատակիցը համոզվել է՝ հանցադեպ չկա:

Արշալույս Մղդեսյան

Մեկնաբանել