Ժողովրդին հանրաքվեի են ուղարկում մեկ հոդված փոխելու համար․ Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը բավարար թվով ստորագրություններ չի կարողացել հավաքել Սահմանադրական փոփոխությունների հարցը հանրաքվեի դնելու Ազգային ժողովի որոշումը Սահմանադրական դատարանում վիճարկելու համար։ Այս մասին այսօր հայտարարեց «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ Ազգային ժողովում հրավիրած ասուլիսին։ 

Ավելի վաղ Մարուքյանի կուսակցությունը հայտարարել էր, որ այդ հարցով դիմելու է նաև ԲՀԿ խմբակցությանը։ Փաստորեն, ԲՀԿ-ն չի աջակցել նրանց նախաձեռնությանը։

Սահմանադրության համաձայն՝ պատգամավորները Սահմանադրական դատարան կարող են դիմել պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ։ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ունի ընդամենը 17 անդամ՝ ընդհանուր 131 հոգանոց խորհրդարանում, և չէր կարող միայնակ դիմել ՍԴ։

Էդմոն Մարուքյանը քննադատեց Սահմանադրական դատարանի յոթ անդամներից ազատվելու նպատակով կազմակերպվող հանրաքվեն։ Հանրաքվեն նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է 2020-ի ապրիլի 5-ին։

«Այսօր մեր ժողովորդին հանրաքվեի են ուղարկում մեկ հոդված փոխելու համար, այսինքն՝ իշխանությունը համակերպվել և վայելում է Սերժ Սարգսյանից ժառանգած համակարգը, բայց իշխանությունը համաձայն չէ, որ օրինակ Հրայր Թովմասյանն այնտեղ աշխատի»,- ասաց Մարուքյանը։

Չնայած քննադատությանը՝ «Լուսավոր Հայաստանը» սահմանադրական փոփոխությունների դեմ «Ոչ»-ի շտաբ չի ձևավորի։

Մարուքյանը նշեց, որ փորձ է արվում իրենց դարձնել Սահմանդրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և նախկին իշխանության պաշտպան․ «Դա, բնականաբար, չի ստացվել և չի ստացվելու միշտ։ Բայց ասեմ հետևյալը՝ Հրայր Թովմասյանը ինքը պետք է հեղափոխությունից հետո հրաժարական տար, գնար։ Բարոյական իմաստով եմ ասում։ Ինչո՞ւ․ որովհետև բարոյական այդ հարթության վրա հեղինակել է Սահմանադրությունը այսքան պրոբլեմներով, իշխանական ամբողջ թիմը հեռանում է, ինքը մնում է, անիմաստ մնում է։ Պետք է գնար։ Սա բարոյական տիրույթում։ Այսինքն՝ մեր կարծիքը սա է Հրայր Թովմասյանի մասին»։ 

Անդրադառնալով Հրայր Թովմասյանին առնչվող շահարկումներին, թե «նա աֆերիստաբար արագ առաջադրվեց, հետո ընտրվեց [ՍԴ նախագահ]» և այլն՝ Մարուքյանն ասաց, որ այդ պնդումներն իրավական կատեգորիաներ չեն․ «Եթե իրավական լինեին, հիմա վաղուց Հրայր Թովմասյանին հանել էին այնտեղից։ Իրավական առումով այս պրոցեսը խոցելու տեղ չունի։ Դրա համար էլ Սահմանադրության այդ հոդվածն են ուզում փոխել»։ 

Մարուքյանը հեգնեց, որ իշխանությունն այս խնդիրը փորձում է լուծել քրեական գործերով՝ նկատի ունենալով Հրայր Թովմասյանին առաջադրված մեղադրանքը, որն առնչվում է նրա՝ արդարդատության նախարար եղած ժամանակ պաշտոնեական չարաշահումներին։

«Մենք էլ քրեական գործերով ճանապարհի կեսին կանգնած ենք։ Հետո ուզում է լուծի կենսաթոշակային համակարգով, հիմա էլ էդ կենսաթոշակային համակարգի կեսում է կանգնած։ Այսօր հայտարարություն կա, որ ՍԴ դատավորներ են եկել Ազգային ժողով (ԱԺ) բանակցությունների, գնացել։ Եվ հիմա էլ հանրաքվեո՞վ։ Մենք ի՞նչ ենք ասում։ Ասում ենք՝ հանրաքվեն ապօրինի է, ծայրից ծայր ապօրինի է։ Հակասահմանադրական հանրաքվե է։ Հետևաբար՝ այդ հակասահմանադրական հանրաքվեն մեր ունեցած գործիքակազմով փորձել ենք ներկայացնել, ասել, որ հակասահմանդրական է»,- ասաց Մարուքյանը։

Լուսինե Վարդանյան