Հայաստանում սահմանադրական բոլոր հանրաքվեները կեղծվել են

Հայաստանը վերջին 25 տարվա ընթացքում հինգերորդ անգամ է անցկացնելու Սահմանադրության ընդունման կամ Մայր օրենքը փոփոխելու հանրաքվե:

Ապրիլի 5-ի հանրաքվեն կարելի է անվանել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից և ՍԴ վեց անդամներից ազատվելու քվեարկություն: Տարօրինակ իրականություն է. Սահմանադրության մեկ հոդված փոխում ենք, որպեսզի հրաժեշտ տանք Սերժ Սարգսյանին և Հայաստանի նախկին իշխանություններին շղթայված անձանց, որոնք իրենց համառությունը փաթեթավորում են իրավական բառապաշարով ու հայրենասիրական պաթոսով:

Այո՛, Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը քաղաքական որոշում են կայացրել և Հայաստանի հպարտ քաղաքացիների օգնությամբ փորձում են ազատվել իրենց չհպատակվող յոթ դատավորներից: Մյուս ճչացող իրականությունն այն է, որ Թովմասյանն ու ՍԴ անդամները չկարողացան հեռանալ Սերժ Սարգսյանից, Ռոբերտ Քոչարյանից ու Մարտի 1-ի կոալիցիոն կուսակցություններից:

Հայաստանում Սահմանադրությունը ընդունվել է 1995-ի ամռանը: Հանրաքվեն անցկացվեց Ազգային ժողովի առաջին ընտրությունների հետ միաժամանակ, և Հայաստանում արմատավորված է հանրային խորը ընկալում, որ և՛ հանրաքվեն, և՛ ընտրությունները կեղծվել են: Այդ Սահմանադրության հիմնական քննադատները՝ այն օրվա ընդդիմությունը՝ ԱԺՄ-ն ու կասեցված ՀՅԴ-ն, պնդում էին, որ դա Լևոն Տեր-Պետրոսյանի Սահմանադրությունն է, գրվել ու կարվել է նրա համար: 1998-ի փետրվարին «իշխանության հայտնի ուժերի» ճնշման տակ Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց:

2020-ի ապրիլի 5-ի քվեարկությունը, անկախ նրանից, թե ում համար և ում դեմ է ընդունվում, չպետք է ուղեկցվի կեղծիքներով: Այս քվեարկությունը կարևոր փորձաքար է լինելու վարչապետի և նրա թավշյա թիմի համար

2003-ին Ազգային ժողովի ընտրություններին զուգահեռ քվեարկության դրվեց Ռոբերտ Քոչարյանի կողմից հավանության արժանացած սահմանադրական փոփոխությունների փաթեթը, որը, սակայն չանցավ՝ ստանալով շուրջ 560 000 կողմ և 552 000 դեմ քվե: Սահմանադրական այս փոփոխությունների մասին այսօր քչերն են հիշում: Այդ հանրաքվեի ընդունման դրական ելքի համար իշխանությունները քարոզչություն գրեթե չէին իրականացնում և չէին ձգտում ամեն գնով այն անցկացնել:

Երկու տարի անց Քոչարյանը և օրվա իշխանական կոալիցիան, որոշ փոփոխություններով, կրկին հանրաքվեի դրեցին փաթեթը, որն ընդունվեց անհավատալի՝ 1,4 միլիոն կողմ և 82 000 դեմ ձայներով: Այդ քվեարկությունը, որն անցնում էր ընտրատեղամասերում ընտրողների դատարկության պայմաններում, ստացավ «ուրվականների հանրաքվե» անունը:

2015-ի դեկտեմբերի 6-ին Սերժ Սարգսյանը անցկացրեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, որը Սերժ Սարգսյանի համար գրել էին Հրայր Թովմասյանն ու նրա ընկերները, որպեսզի երրորդ նախագահը իշխանության մնա արդեն վարչապետի վերնաշապիկով:

Բայց 2015-ի դեկտեմբերին տեղի ունեցավ ավելի հրեշավոր բան: Ինչպես նախկին բոլոր, այնպես էլ այս՝ Թովմասյանի գրած հանրաքվեն ընդունվեց համատարած կեղծիքներով:

2020-ի ապրիլի 5-ի քվեարկությունը, անկախ նրանից, թե ում համար և ում դեմ է ընդունվում, չպետք է ուղեկցվի կեղծիքներով: Այս քվեարկությունը կարևոր փորձաքար է լինելու վարչապետի և նրա թավշյա թիմի համար:

Եթե քվեարկությունը կեղծվի, ինչպես կեղծվել են սահմանադրական փոփոխությունների մյուս հանրաքվեները, ապա դա կլինի 2018-ի ապրիլյան հեղափոխությունը վարկաբեկելու ամենակարճ ճանապարհը:

Եթե սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին Հայաստանի քաղաքացիները ԱՅՈ չասեն, ապա արդարացի կլինի անցկացնել խորհրդարանական վաղաժամկետ ընտրություններ:

Թաթուլ Հակոբյան

Լուսանկարում՝ Երևանյան «Կուկուռուզնիկը» 2005-ի սահմանադրական հանրաքվեի նախօրեին (Ֆոտոլուր)։