Նախագահը սահմանադրական բարեփոխումների հարցով կարող է դիմել միջազգային կառույցներին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի բացառում սահմանադրական բարեփոխումների հարցով խորհրդատվական կարծիքի համար միջազգային համապատասխան կառույցներին և փորձագետներին դիմելը: Այս մասին ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ նախագահի աշխատակազմից:

ՀՀ նախագահի աշխատակազմից չեն հստակեցնում, թե ո՛ր միջազգային կառուցների մասին է խոսքը:

Փետրվարի 9-ին նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր ստորագրեց՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ապրիլի 5-ին նշանակելու մասին։

Քննադատները նշում են, որ նախագահը մինչև հանրաքվեի անցկացման մասին ԱԺ որոշումը ստորագրելը պետք է դիմեր Սահմանադրական դատարան:

Նախագահի աշխատակազմից պարզաբանեցին, որ հանրապետության նախագահի սահմանադրական գործառույթներն ընթացակարգային են և սահմանափակվում են միմիայն և բացառապես Սահմանադրության 206-րդ հոդվածի համաձայն եռօրյա ժամկետում հանրաքվեի օր նշանակելու մասին հրամանագիր ստորագրելով:

Նշվեց նաև, որ հանրաքվեի օր նշանակելով կամ չնշանակելով՝ նախագահը չի արտահայտում իր վերաբերմունքն ու դիրքորոշումն Ազգային ժողովի ընդունած և հանրաքվեի դրվելիք Սահմանադրության փոփոխությունների բովանդակության, ինչպես նաև այդ որոշման կայացման ընթացակարգերի վերաբերյալ:

Օրեր առաջ, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Անդրեյ Շիրցելն (Սլովենիա, ԵԺԿ) ու Կիմմո Կիլժունեն (Ֆինլանդիա, Սոց.) հայտարարություն էին տարածել՝ կոչ անելով ՀՀ իշխանություններին սահմանադրական փոփոխությունների հարցով դիմել Վենետիկի հանձնաժողով՝ կարծիք ստանալու նպատակով։ «Մենք հավատում ենք, որ այս կարծիքը, որը կարող է շատ արագ ընդունվել հրատապ ընթացակարգով, արժեքավոր կլինի բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում հայ ընտրողների համար, եթե պետք է անցկացվի հանրաքվե»,- նշված է հայտարարության մեջ։

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն իր հերթին մտահոգություն է հայտնել Հայաստանում ստեղծված սահմանադրական ճգնաժամի կապակցությամբ՝ նշելով, որ կիսում է ԵԽԽՎ մոնիտորինգի համազեկուցողների մտահոգությունները կառավարություն-ՍԴ լարվածության վերաբերյալ:

***

ՀՀ նախագահի աշխատակազմի՝ ՍիվիլՆեթին տրամադրած պատասխանն ամբողջությամբ՝ ստորև․

«Հանրապետության նախագահը մշտապես արտահայտել է իր սկզբունքային դիրքորոշումը պետական և հասարակական կյանքին առնչվող կարևորագույն որոշումները ժողովրդի անմիջական կամարտահայտությամբ՝ հանրաքվեով որոշելու նպատակահարմարության և անհրաժեշտության մասին: Այդ թեմային նա անդրադարձել է նաև օրերս «Շանթ» հեռուստաընկերությանը, «Առավոտ» օրաթերթին և «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում: Նախագահն ասել էր, որ կողմնակից է ժողովրդին դիմելու գործընթացին՝ ի դեմս հանրաքվեի կամ պլեբիսցիտի։ «Ես կողմնակից եմ, որ մեր մշակույթում ժողովրդին դիմելը, որպես գործընթաց, ամրանա: Դա ծայրահեղ միջոց չէ, ընդհակառակը, 21-րդ դարում այն շատ արժեքավոր է, և հանրաքվեից վախենալ պետք չէ»,- նշել էր նախագահ Սարգսյանը:

Ինչ վերաբերում է հանրաքվեի վերաբերյալ հնչող դիրքորոշումներին, ցանկացած կարծիք և տեսակետ, լինի դա քննադատություն, թե աջակցություն, գոյության իրավունք ունի:

Միաժամանակ, կարևորելով սահմանադրական բարեփոխումները, ինչպես նաև օրենքի գերակայությունը պահպանելու, Հայաստանի միջազգային հեղինակությունը բարձր պահելու անհրաժեշտությունը, Հանրապետության նախագահը չի բացառում իր կողմից հետագա քննարկումների շարունակումը, հասարակական-քաղաքական խմբերի, մասնագիտական համայնքի, պետական մարմինների՝ Ազգային ժողովի, կառավարության, Սահմանադրական դատարանի հետ խորհրդատվությունների անցկացումը, խորհրդատվական կարծիքի համար միջազգային համապատասխան կառույցներին և փորձագետներին դիմելը»:

Արշալույս Մղդեսյան

Մեկնաբանել