Սամվել Բաբայանի կուսակցությունը կսատարի Մասիս Մայիլյանին 

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցությունը մարտի 31-ին կայանալիք նախագահական ընտրություններում սատարելու է գործող արտգործնախարար Մասիս Մայիլյանին։ Այս մասին ասված է կուսակցության տարածած հաղորդագրությունում։

Սամվել Բաբայանը, չնայած կազմակերպած ստորգրահավաքին, հնարավորություն չէր ստացել Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու` մշտական բնակության պահանջը չբավարարելու պատճառով։ Նրա ղեկավարած քաղաքական ուժը մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին, որոնք կանցկացվեն նախագահականի հետ նույն օրը՝ մարտի 31-ին:

«Միասնական հայրենիք» կուսակցության արտահերթ համագումարում Սամվել Բաբայանը հայտարարել է, որ բանակցում են քաղաքական ուժերի հետ՝ նպատակ ունենալով Արցախում գործող ուժերի համախմբմամբ ընթանալ առաջ:

«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ «Միասնական հայրենիք» կուսակցության քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել սատարել նախագահի թեկնածության հայտ ներկայացրած գործիչներից Մասիս Մայիլյանին, ով ևս գիտակցում է պահի լրջությունն ու ճակատագրականությունը, մտահոգված է միասնական հայրենիքի ճակատագրով:

Մասիս Մայիլյանը սկզբունքորեն ընդունում է կուսակցության ներկայացրած նախընտրական ծրագիրը և պատրաստ է նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո իրականացնել այն: Խոսքը երեք հիմնախնդրի մասին է. մարտունակ բանակի ստեղծում, տնտեսական լճացման հաղթահարում, սոցիալական խնդիրների լուծում»,- ասված է հաղորդագրությունում:

«Միասնական հայրենիք» կուսակցության և Մասիս Մայիլյանի քաղաքական համագործակցության վերաբերյալ նախապատրաստվում է հուշագիր, որը կստորագրիվի օրերս:

#CivilNet #News