«Լուսավոր Հայաստանը» կոռուպցիոն ռիսկեր է տեսնում ՏԻՄ-երում. նոր օրինագիծ է ներկայացրել

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Տեղական ինքնակառավարման մարմինների» մասին օրենքում, որոնց նպատակն է կարգավորել համայնքներին ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կատարած նվիրատավություների գործընթացը:

Փետրվարի 12-ին ԱԺ նիստում օրենսդրական նախագիծը «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից ներկայացրեց պատգամավոր Անի Սամսոնայնը՝ նշելով, որ նոր փոփոխություններով Հայաստանի բոլոր համայնքների ղեկավարները կպարտավորվեն մեկ միլիոն դրամը գերազանցող յուրաքանչյուր նվիրատվության մասին տեղեկացնել հանրությանը և նշել նվիրատուին: Նրա խոսքով՝ ոլորտում օրենսդրական բացը զգացվեց հատկապես 2019-ին Երևան համայնքին աղբահանության տեխնիկայի նվիրաբերությունների ժամանակ, որոնց մասին հանրությունը տեղեկացված չէր:

«Մասնավորապես, Երևան համայնքում եղել է պրակտիկա, որ քաղաքին կատարվող նվիրաբերությունները հաստատել է մայրաքաղաքի ավագանին: 2019 թվականին այս պրակտիկան չարաշահվել է, քանի որ Երևանի քաղաքապետարանը նշում էր, որ օրենսդրորեն պարտավորված չէ, որպեսզի քաղաքին կատարվող նվիրատվությունները և նվիրաբերությունները հաստատի ավագանին: Ուստի գտնում ենք, որ Երևանի մասին օրենքում և ՏԻՄ օրենքում ամրագրվի այն, որ համայնքին տրվող նվիրաբերությունները, որոնց արժեքը գերազանցում է մեկ միլիոն դրամը, պետք է հաստատի ավագանին ու այն հրապարակվի», – հայտարարեց Անի Սամսոնյանը՝ հավելելով, որ օրենսդրական փոփոխությունների նպատակն է կանխել հնարավոր կոռուպցիոն ռիսկերը և բարձրացնել ՏԻՄ-երի աշխատանքի թափանցիկությունը:

2019-ին Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը փաստեր էր հրապարակել այն մասին, որ համայնքին գույք նվիրաբերած մի շարք տնտեսվարող սուբյեկտներ ստացել են շինթույլտվություններ: Քաղաքապետարանը չէր հրապարակել նվիրատուների ցանկը, և այն հայտնի էր դարձել ընդդիմադիր խմբակցության հարցումների արդյունքում:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությունը ողջունեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ առարկելով միայն, որ անհրաժեշտ է ներմուծել տարբերակված մոտեցում մեծ ու փոքր համայնքների պարագայում:

Օրենսդրական նախաձեռնությունը քննադատեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը՝ նշելով, որ անհասկանալի է, թե ինչպես են այս պարագայում կարգավորվելու այլ պետությունների քաղաքներից Հայաստանի տարբեր համայնքներին կատարվող նվիրաբերությունները:

Հունվարի 21-ին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հանդես էր եկել Երևանի քաղաքապետարանի նվիրատվություններն ուսումնասիրող հանձնաժողովի ձևավորման նախաձեռնությամբ, որին դեմ էր արտահայտվել «Իմ քայլը» խմբակցությունը: Վերջինս իր դիրքորոշումը հիմնավորելով՝ հայտարարել էր, որ խորհրդարանի լիազորությունների մեջ չի մտնում Երևանի քաղաքապետարանի նվիրատվությունների ուսումնասիրությունը:

Արշալույս Մղդեսյան

Մեկնաբանել