Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ քննարկել է առաջիկա հանրաքվեն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է Հայաստանում ԵԱՀԿ անդամ երկրների հավատարմագրված դեսպանների հետ:

Կառավարության տարածած հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում վարչապետը մանրամասն անդրադարձել է Սահմանադրական դատարանի շուրջ առկա իրավիճակին, Սահմանադրության փոփոխությունների առաջիկա հանրաքվեին, այն անցկացնելու հանգամանքներին:

Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև ՀՀ կառավարության բարեփոխումների լայն օրակարգի, մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխությունների, կառավարության հակակոռուպցիոն քաղաքականության մասին:

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է նաև դեսպաններին հետաքրքրող տարբեր հարցերի:

***

Փետրվարի 6-ին Ազգային ժողովը ձայների 88 կողմ, 15 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը հանրաքվեի դնելու որոշում։ «Բարգավաճ Հայաստանը» չմասնակցեց քվեարկությանը, «Լուսավոր Հայաստանը» դեմ քվեարկեց։ Ավելի վաղ ԱԺ-ն չէր ընդունել «Իմ քայլը» խմբակցության 44 պատգամավորների ներկայացրած՝ «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, ըստ որի՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է։ Նախագծի հիմնավորման մեջ մասնավորապես նշվում է. ՍԴ ներսում և դրա շուրջ առկա ճգնաժամն այս պահին ունի մի քանի ասպեկտ, որոնք լրջագույն մարտահրավեր են Հայաստանի ժողովրդավարության, ինքնիշխանության և իրավական որակների համար: Ըստ Սահմանադրության՝ եթե սահմանադրական փոփոխությունների նախագիծն ԱԺ-ն չի ընդունում, պատգամավորների ձայների թվի առնվազն 3/5-ով ընդունված որոշմամբ այն կարող է դրվել հանրաքվեի: Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նշանակվեց ապրիլի 5-ին։

Փետրվարի 5-ին Հայաստանում ԵԱՀԿ և ԵԽ անդամ երկրների հավատարմագրված դեսպանների հետ հանդիպել էր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ Հանդիպմանը քննարկվել էր Սահմանադրական դատարանի շուրջ առկա իրավիճակը։

Թեմայի շուրջ ավելին՝

Սահմանադրական հանրաքվե․ կողմերի դիրքորոշումները

#ՍիվիլՆեթ #Լուրեր

Մեկնաբանել