Մյունխենում Փաշինյան-Ալիև հանդիպման տեղեկությունը ոչ հաստատվում է, ոչ՝ հերքվում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 13-15-ն աշխատանքային այցով կմեկնի Գերմանիա․ այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունից:

Բեռլինում վարչապետը հանդիպում կունենա ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ: Երկու երկրների ղեկավարները լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարություններով: Նիկոլ Փաշինյանը կհանդիպի նաև Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ:

Այցի շրջանակում կառավարության ղեկավարը Սոցիալ-դեմոկրատական կուսակցության Ֆրիդրիխ Էբերթ հիմնադրամում հանդիպում կունենա ԳԴՀ գիտական, փորձագիտական շրջանակների հետ:

Փետրվարի 14-ին վարչապետ Փաշինյանը կմեկնի Մյունխեն, որտեղ կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում նախատեսված են վարչապետի երկկողմ մի շարք հանդիպումներ:

Պաշտոնական հաղորդագրության մեջ չի նշվում՝ արդյոք Մյունխեն այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպելո՞ւ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

Կառավարության մամուլի ծառայությունից ՍիվիլՆեթի հետ զրույցում ոչ հաստատեցին, ոչ հերքեցին նման հանդիպման հնարավորությունը․ «Կապանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ վարչապետի հայտարարությանը ավելացնելու բան չունենք»։

Այս պահին Իլհամ Ալիևի՝ Մյունխեն այցի մասին պաշտոնական տեղեկատվություն ադրբեջանական մամուլում չկա: Մյունխենի անվտանգության համաժողովի կայքում, մինչդեռ, Ալիևի անունը ներառված է մասնակիցների ցանկում։

Կապանում հունվարի 25-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չբացառեց Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման հնարավորությունը:

«Այս պահին հանդիպման պայմանավորվածություն չկա: Հանդիպումը բացառել չի կարելի, քանի որ քննարկումների փուլում են: Եվ ընդհանրապես, եթե չեմ սխալվում, չեմ ասել, որ դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում, երբ ԱՊՀ հավաք էր, այդտեղ շփվել ենք: Ես այդ կարգի շփումներն օգտակար եմ համարում»,- ասաց վարչապետը:

Արշալույս Մղդեսյան

Մեկնաբանել