Հայաստանն ու Հորդանանը կարգավորում են օդային հաղորդակցությունը

Ազգային ժողովի փետրվարի 13-ի նիստում քննարկվել է Հայաստանի ու Հորդանանի միջև օդային հաղորդակցություն հաստատելու մասին համաձայնագրի վավերացման հարցը: ԱԺ նիստում փաստաթուղթը ներկայացրեց Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։ 2018թ․ Ամմանում ստորագրված համաձայնագիրը, Ռևազյանի խոսքով, ուղղված է երկու պետությունների միջև օդային փոխադրումներ կատարող ավիաընկերությունների համար հավասար պայմանների ապահովմանը:

«Համաձայնագրում ազատականացված է ավիաընկերությունների նշանակումը, նրանց տարողությունը, սակագները, չվերթների հաճախականությունը, սպասարկվող ուղղությունները և այլ կոմերցիոն դրույքներ, ամրագրված են նաև անվտանգության հետ կապված հարցերը», – ասաց նա՝ հավելելով, որ այս փաստաթուղթը կարող է հիմք հանդիսանալ երկու պետությունների միջև կանոնավոր չվերթների իրականացման համար:

Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ Տաթևիկ Ռևազյանը դժվարացավ ասել, թե երբ կարող են սկսվել երկու պետությունների միջև կանոնավոր ուղիղ չվերթներն ու դրանք ինչ ազդեցություն կունենան ավիատոմսերի գների վրա, որոնք բավական բարձր են: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահն ընդունեց, որ այս պահին ավիաընկերությունների շրջանում Երևան-Ամման ուղիղ չվերթներ իրականացնելու մեծ հետաքրքրություն չկա, «բայց դա չի նշանակում, որ պետք չէ կարգավորել ոլորտը»:

Ներկայում Երևան-Ամման-Երևան երթուղով ուղևորափոխադրումներ են իրականացնում մի քանի ավիաընկերություններ՝ երրորդ երկրների օդանավակայանների միջոցով: Մասնավորապես, «Էյր Արաբիան» և «Կատար էյրվեյզը», էկոնոմ դասի ավիտոմսերի գները կազմում են շուրջ 500 դոլար:

#ՍիվիլՆեթ #Լուրեր

Մեկնաբանել