Սիրիայի խորհրդարանը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Սիրիայի խորհրդարանը փետրվարի 13-ին միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այսօր նախատեսված է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի շուրջ քվեարկությունը։ Սիրիայի խորհրդարանի խոսնակ Ռամի Սալեհը հայտարարել է, որ Օսմանյան կայսրության պատմությունը լեցուն է Սիրիայի ժողովրդի մաս կազմող տարբեր ազգությունների ջարդերով՝ հայեր, ասորիներ և այլք։

Խոսնակ Սալեհը «Ուաթան» թերթին հայտնել է, որ խորհրդարանն ավելի վաղ բարձրացրել էր Հայոց ցեղասպանության հարցը և հարգանքի տուրք մատուցել հայ զոհերի հիշատակին, սակայն «անհրաժեշտ էր ցեղասպանությունը դատապարտող որոշում կայացնել»։

«Այս իսկ պատճառով այսօր բանաձևը պիտի քննարկվի և քվեարկության դրվի խորհրդարանի նիստի ընթացքում»,- ասել է Սալեհը։

***

Սիրիայի ներկայիս նախագահ Բաշար Ասադը այն առաջնորդներից է, որոնք այցելել են Երևան, բայց չեն բարձրացել Ծիծեռնակաբերդ։ Ասադի այցը տեղի էր ունեցել 2009թ․ հունիսին։

«Ասադը այն երեք նախագահներից է, ով այցելելով Երևան, չի բարձրացել Ծիծեռնակաբերդի բարձունք՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հայաստանի արարողակարգը ենթադրում է, որ պաշտոնական այցով Երևանում գտնվող նախագահը պետք է ծաղկեպսակ կամ ծաղիկներ դնի Ծիծեռնակաբերդում: Ասադը Հայաստանում էր պաշտոնական այցով: Նա անտեսեց Հայաստանի արարողակարգը, քանի որ այդ օրերին թուրք-սիրիական հարաբերությունները գագաթնակետին էին, և Ասադը չէր կարող նեղացնել իր թուրք բարեկամներին՝ Աբդուլլահ Գյուլին ու Ռեջեփ Թայյիփ Էրդողանին»,- գրում է Թաթուլ Հակոբյանը։

Երեք նախագահ, որ այցելել են Երևան, բայց չեն բարձրացել Ծիծեռնակաբերդ․ Թաթուլ Հակոբյան

#ՍիվիլՆեթ #Լուրեր

Մեկնաբանել