Արցախի ընտրությունը և Հայաստանի Սահմանադրական հանրաքվեն

Մարտի 31-ը և ապրիլի 5-ը կարևոր օրեր են Նիկոլ Փաշինյանի և կառավարող ուժի համար:

2018-ի ապրիլյան Թավշա հեղափոխության, ապա Երևանի քաղաքապետի ու Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում Փաշինյանը և թիմը իշխանությունը վերցրել են փողոցում, ապա՝ Երևանում և Հայաստանի խորհրդարանում: Գործադիր և օրենսդիր մարմինները ամբողջովին իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ձեռքում են:

Թավշյա հեղափոխությունից հետո Փաշինյանին և թիմին դեռևս չի հաջողվել իրենց լոյալ իշխանություն ունենալ Արցախում և Հայաստանի Սահմանադրական դատարանում: Մարտի 31-ին տեղի են ունենալու նախագահի և Ազգային ժողովի ընտրություններ Արցախում, իսկ ապրիլի 5-ին` հանրաքվե Հայաստանում:

Ցանկության դեպքում, անկասկած, Փաշինյանը կարող էր հասնել նրան, որ Հայաստանի ՀՀԿ-ական իշխանության շարունակությունը Արցախում՝ նախագահ Բակո Սահակյանն ու թիմը, հեռանան, սակայն վարչապետը ընտրեց այլ՝ ոչ հեղափոխական, ոչ փողոցային տարբերակ:

Ճիշտ այնպես, ինչպես Սերժ Սարգսյանն էր Սահմանադրություն փոխել Հայաստանում, որպեսզի վարչապետի պաշտոնում շարունակի իշխել, նույնն արել էր Բակո Սահակյանը Արցախում: Երկուսի համար էլ Սահմանադրությունը պատվերով գրել էր Հրայր Թովմասյանը:

Քաղաքական և բարոյական առումով Բակո Սահակյանը ևս պետք է հրաժարական տար, սակայն Փաշինյանը ոչ միայն չգնաց այդ քայլին, այլ Արցախում փողոց դուրս եկած և Սահակյանի հրաժարականը պահանջողներին հորդորեց տուն գնալ:

Արցախում Փաշինյանին գլխացավ պետք չէ: Նախապատվությունը տրվեց Բակո Սահակյանից ու նրա թիմից ազատվելու ընտրական ճանապարհին: Մարտի 31-ին Բակո Սահակյանը և նրա թիմը կհեռանան ասպարեզից: Արցախում ներքաղաքական դասավորվածությունը այնպիսին է, որ և՛ խորհրդարանում, և՛ կառավարությունում կլինեն Փաշինյանին սատարողները:

Թեև հանրային հարցումներ Արցախում չեն անցկացվել, սակայն հասարակական տրամադրություններից դատելով՝ կարելի է որոշակի պատկեր ունենալ: Նախագահի պաշտոնի համար հիմնական պայքարը գնալու է Արայիկ Հարությունյանի և Մասիս Մայիլյանի միջև: Այն բանից հետո, երբ Սամվել Բաբայանի կուսակցությունը իր աջակցությունը հայտնեց Մայիլյանին, նախագահական ընտրությունների երկրորդ փուլը դառնում է գրեթե անխուսափելի:

Սերժ Սարգսյանի և Արցախում նրա թիմի թեկնածուն Վիտալի Բալասանյանն է, որը նախագահ ընտրվելու շանսեր գրեթե չունի: Ե՛վ Հարությունյանը, և՛ Մայիլյանը հրապարակավ իրենց աջակցությունն են հայտնել Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը Հայաստանում և ղարաբաղյան հակամարտության մոտեցումներում:

Մեծ հաշվով, Արցախի նոր խորհրդարանը ևս լինելու է Փաշինյանին լոյալ: Ինչպես գործող, այնպես էլ նոր խորհրդարանում սպասվում է Արայիկ Հարությունյանի կուսակցության զգալի ներկայությունը: Չի բացառվում, որ խորհրդարան անցնեն Փաշինյանի քաղաքականությունը քննադատող երկու ուժեր՝ Բալասանյանի կուսակցությունն ու ՀՅԴ-ն:

Փաշինյանի և թիմի համար ավելի բարդ կարող է լինել ապրիլի 5-ի հանրաքվեն: Այսօր, երբ հետհեղափոխական խանդավառություն (էյֆորիա) գրեթե չկա, դյուրին չի լինելու մարդկանց փողոց դուրս բերել և ապահովել 650 հազար քվե, որի դեպքում միայն Փաշինյանն ու նրա քաղաքական թիմը կձերբազատվեն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից, որը, ըստ էության, դարձել է իր նախկին կուսակցության՝ ՀՀԿ-ի և երկրորդ ու երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի պաշտպանը:

Կհաջողվի՞ արդյոք ապրիլի 5-ին ժողովրդին դուրս բերել փողոց:

Կառավարող ուժը ստիպված է լինելու զորաշարժի (մոբիլիզացիա) դիմել: Սա Սերժին մերժել չէ, ոչ էլ՝ խորհրդարանական ընտրություն: Մոտիվացիա է պետք:

Իշխանական «Իմ քայլը» թիրախավորված արշավ է սկսել «Լուսավոր Հայաստանի» և հատկապես նրա հիմնադիր Էդմոն Մարուքյանի դեմ: Պատճառը շատ պարզ է՝ Մարուքյանը և նրա կուսակցությունը ոչ միայն չեմ միացել ապրիլի 5-ի «այո»-ին, այլև հակասահմանադրական են համարում մեկ մարդուց՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից ազատվելու հանրաքվեն:

Մարուքյանը մեղադրվում է Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի հետ կապեր ունենալու և ֆինանսավորվելու մեջ: Ժամանակին «Ելք» դաշինքը, որի առաջնորդներն էին Էդմոն Մարուքյանը, Նիկոլ Փաշինյանն ու Արամ Սարգսյանը, մեղադրվում էր նույն Մինասյանից ֆինասնավորվելու մեջ, և դա անում էին Հայ ազգային կոնգրեսի կողմնակիցներն ու «Ժառանգության» անդամները:

Մեկնաբանել