Սուրեն Պապիկյանը մեկնաբանել է իր դատվածության մասին լուրերը

«Որևէ մեկի նկատմամբ ուժ չեմ գործադրել, որևէ մեկի նկատմամբ որևէ զենքի կիրառություն իմ կողմից չի եղել, և այն, ինչ տեղի է ունեցել այսօր, ինձ համար, իհարկե, ցանկալի բան չէ։ Եթե այս գիտակցությամբ տեղի ունենար այդ ամենը, բնականաբար այլ մեթոդներ կան խնդիրը կարգավորելու համար». տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը պարզաբանել է մամուլում շրջանառվող լուրը՝ իր դատվածության և հրամանատարին դանակով խփելու մասին։

«Ես ծառայել եմ ոչ հայկական բանակում։ Ծառայության ընթացքում, ինչպես և հաճախ լինում է, երբ կան տարբեր ազգերի ներկայացուցիչներ, լինում են նաև որոշ խնդիրներ։ Այն ամենը, ինչ ներկայացվել է, կա որոշակի ճշմարտություն, կա նաև որոշակի թյուր մատուցման ձևեր»,- նշել է Պապիկյանը։

Նրա խոսքով՝ իր այն ժամանակվա ընկալմամբ իրեն ազգային արժանապատվությանը և ինքնասիրությանը վնասող հարված էր հասցվել։

Պապիկյանը նշել է, որ այդպիսի լուրերով ցանկանում են սևացնել և մրոտել իր բարի համբավը, կատարած աշխատանքն ու ժողովրդին մատուցած ծառայությունները, ինչպես նաև «Այո»-ի շտաբի գործունեություն ու սահմանադրական փոփոխությունների հաջողությունը։ Սուրեն Պապիկյանը ապրիլի 5-ին նախատեսված սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի շտաբի ղեկավարն է։

«Ուզում եմ տեղեկացնել, որ եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որևէ դատվածություն մարված է, ապա տվյալ անձը դատված չի համարվում: Պատմությունն ունի մոտ մեկուկես տասնյակի վաղեմություն, որը փորփրելով՝ մեր շատ սիրելի գործընկերները փորձել են իմ կյանքի վատ կամ մրոտ տեղերը գտնել»,- նշել է Սուրեն Պապիկյանը:

«Մեզ որևէ կերպ խանգարել հնարավոր չէ, մեր հաստատակամությունը կոտրել հնարավոր չէ, մենք շարժվելու ենք մեր օրակարգով»,- հավաստիացրել է նա։

Պապիկյանը նաև նշել է, որ տարածված տեղեկությունը գաղտնի չի եղել։ «Իմ հայրենի Ստեփանավանում, նաև քանի որ ուսանողական շրջան է եղել, ուսանողական շրջանում խնդրի մասին իմացել են իմ բոլոր ընկերները։ Հիմա էլ իմ շատ ընկերներ դրա մասին գիտեն»,- պարզաբանել է Պապիկյանը։

Սուրեն Պապիկյանը, դիմելով Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) և Ոստիկանության պետերին, խնդրել է պարզել՝ ում ձեռքով և ինչպես է տեղի ունեցել ինֆորմացիայի արտահոսքը։

Լուսինե Վարդանյան

Մեկնաբանել