Լյուքսեմբուրգում նախատեսվում է անցկացնել ԵՄ-Հայաստան ներդրումային համաժողով

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԵՄ բյուջեի և կառավարման հանձնակատար Յոհաննես Հանի հետ։

Յոհաննես Հանը, ըստ վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրության, նշել է, որ իր՝ Հայաստան այցի ժամանակ քննարկել են ԵՄ-Հայաստան ներդրումային համաժողովի անցկացման հարցը, որը տեղի կունենա Լյուքսեմբուրգում:

«Այդ ֆորումը լավ հնարավորություն է, որպեսզի ներկայացնեք Ձեր երկիրը: Մենք մեծ փորձ ունենք նմանատիպ ներդրումային ֆորումներ կազմակերպելու հարցում և, կարծում եմ, որ այս անգամ էլ լավ արձագանք կունենանք: Ինչպես Դուք նշեցիք, Հայաստանում բարեփոխումներ եք իրականացնում, և սա ինչ-որ առումով երաշխիք կարող է հանդիսանալ Ձեր պոտենցիալ գործընկերների համար, որ Ձեր երկիրը հիանալի գործընկեր կարող է դառնալ»,- ասել է Յոհաննես Հանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ներդրումային համաժողովի անցկացման նախապատրաստական աշխատանքներին, ՀՀ-ԵՄ համագործակցությանը, օրակարգային հարցերին, ինչպես նաև առաջիկայում նախատեսվող համատեղ միջոցառումներին վերաբերող հարցեր:

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի տնտեսության զարգացման միտումներին, զբոսաշրջության, ենթակառուցվածքների, էներգետիկայի և այլ ոլորտների զարգացումներին:

#CivilNet #News

Մեկնաբանել